գլուխ բերել։ Ահա էդ գործն է, որ արդեն հաջողում է — մի խումբ հարուստներ ու մտավորականներ միացել են, հիմք են դրել, ժողովներ են լինում։ Անցյալ օրերն էլ մի 15 — 20 հազար ստորագրեցին սկզբնական ծախքերի համար7։
Բայց թուղթս հատնում է։ Սրա մասին հետո կգրեմ։ Մանավանդ դու էլ ես նշանակված գիտնականների ցանկի մեջ մեր առաջիկա հայոց բարձրագույն կուրսերի և հայկական ակադեմիայի8։
Իհարկե, էլ էն մասին չեմ խոսում, թե էստեղ քո պակասն ինչքան ենք զգում ու ինչքան ենք հիշում։ Շատ բարևներ են անում մերոնք ամենքը, որ շարունակ հիշում են։ Ջերմագին համբույրներով՝
252. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Թիֆլիս– Բաքու
Սիրելի Ցոլակ,
Քո ու Երվանդի նամակից1 ու Տիգրանի (Հովհաննիսյանի) խոսքերից էնպես հասկացա, որ դուք կարծել եք, թե կարող է պատահել, որ ես նեղացած լինեմ։
Վա՛հ։
էդ ի՞նչ բան է։
Ընդհակառակը, վախեցել եմ նեղացնեմ, նրա համար եմ հրաժարվել էս գլխիցն ընդունեմ։ Իսկ եթե դուք էդպես եք մտածել և իմ ավանս ընդունելը ձեզ համար համարվելու է իմ լավ զգացմունքի ու մոտիկության նշանը՝ խնդրում եմ իսկույն ևեթ փոխադրեք, մանավանդ հենց դրամական մի շարք օպերացիաներ ունեմ և էդ 600 ռ. էլ մի ծակ կփակի։ Կուզեք 600, կուզեք,—300 փոխադրեցեք, որ մյուս անգամ էլ էդ տեսակ կասկած չտանեք։