Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Մանգլիս — Դսեղ

<1907>, հուլիսի 12, Մանգլիս

Աշխեն ջան,

Հենց նոր ձեզ վրա նեղացած ուզում էի գրեմ, թե ինչու չեք նամակ գրում, որ բերին քու էն նամակը, թե ինչպես ջաղացն եք գնացել և այլն1։ Սրանից առաջ էլ ստացել եմ մյուս նամակները։ Չգիտեմ՝ էլ գրել եք՝ չեմ ստացել, թե չէ, բայց ես հաճախ գրում եմ, և չգիտեմ ինչպես է, որ դուք ձեր չորս նամակին իմ մի նամակը չեք ստանում։ Արդյոք ստացա՞ք Սեդիկի պատկերը նկարած, թե՞ չէ։2

Այսօր Շխյան քահանայից իմացա, որ տերտերը դեռ Թիֆլիս է, թե Շուլավերից եկել է Թիֆլիս, էլի ետ պիտի գնա: Կնշանակի մեր տունը դեռ չեն կտրել։ Մեր դասագիրքը զահլաներս տարավ։ Արդեն պահանջում են գավառներից։ Բայց դե սրանով բանը մի կողմ կկտրի։ Այստեղ շարունակ անձրևներ են։ Կարգին օր չենք տեսնում։ Ջավոն ուզում Է տեղափոխվի Կոջոր։ Մանգլիսը Վիգենին չեկավ։ Ստամոքսը խարաբ Է եղել։

Ասում են, որ Դսեղա օդը Մանգլիսից լավ Է։ Արդյոք Էս տարի լու կա, թե՞ չէ, այնպես, ինչպես կար։ Միթե Ռոստոմը չի կարողանում էդքան տախտակի մեջ մի շկաֆ շինել տա—էդքան էլ անշնորհք մա՞րդ։ Արտաշի համար ասում եմ մի մարդ գտնեմ, որ որդեգիր վերցնի—մինչև մի ուսումնարանում կարենանք տեղավորել։ Արշավրից իսկի բան չեք գրում։ Բժշկից՝ Ռուստեմից, մի նամակ եմ ստացել, որ էլ չեմ կարող ասել, թե ինչքան է շնորհակալ ամենքիցը կենտ-կենտ, քիչ էր մնում ուղարկեի ձեզ։ Հիացած է նանից, Ռոստոմից, մայրիկից, Մուշեղից, քեզանից, Նվարդից, ինձանից—մի խոսքով ես էլ եմ զարմացել, թե դրան ինչ եք արել3։

Այդտեղ թղթերիս մեջ ռեցեպտ ունեմ, և մինչև անգամ դեղ կար—ավազանման, որը ջրով քսում էի մարմնիս—էն ռեցեպտը պահեցեք, որ հարկավոր է։