Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


352. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

1920, ս<եպտեմբերի> 25, <Թիֆլիս>

Աշխեն ջան,

Նամակդ ստացել եմ վաղուց1, և էսքան ժամանակ չեմ իմանում ինչպես պատասխանեմ։

Եթե ճշմարիտ որ պատասխանը գրեմ՝ ոչ թուղթս հերիք կանի, ոչ էլ ժամանակս։

Շատ ծանր նամակ էր, և ինչքան որ ծանր էր, էնքան էլ ինձ դյուր եկավ։ Դյուր եկավ, որ դու էդքան հանգիստ, էդքան ազատ ու էդքան մտերիմ ինձ գրել էիր ինձ ու քեզ տանջող հարցերից, և նույնիսկ երկյուղդ հանգիստ էր, թեև երկյուղ էր։ Գուցե հանգիստ բառը ճիշտ չեմ ասում, գուցե ավելի ճիշտ կլիներ, եթե ասեի՝ լուրջ, խելացի, շրջահայաց, իմաստուն։

Նամակդ որ ստացա՝ պահանջ ունեցա մի էն տեսակ մեկի հետ խոսելու, որ նույնը լինի, ինչ որ ինքս իմ մեջ ու ինձ հետ։ Գնացի Անուշի մոտ։ Խոսք գցեցի Անուշի հետ. բան չդուրս եկավ։ Անուշը ոչ մի արձագանք չտվեց, ոչ մի խոսք չասավ։ Նվարդն էլ չկար։ Գնացի տան հետ խոսելու հեռախոսով (Կոջոր էինք)։ էդ խոսակցությունն էլ թարս դուրս եկավ։ Եվ էդ օրը զարմանալի ծանր օր եղավ։ Ոչ մի մարդ չգտա, որ սրտե ի սիրտ մի խոսք խոսեմ հետը։

Այնուհետև քանի անգամ պատրաստվել եմ պատասխան գրեմ, ու մնացել է։ Մնացել է, ասում եմ, որովհետև չգիտեմ ինչ գրեմ։ Անբուժելի բաների մասին ես խոսում։

Ոչ նրանք են մեղավոր, ոչ էլ մենք, ահա կարճը։ Եթե կուզես՝ ամեն մեկն ունի իր լավ կողմերը։ Բայց դե էսպես է։ Կատարյալ ոչինչ չկա։ էդ հերիք չի, որ կատարյալ բան չկա, դեռ հաճախ էս կամ էն հասարակ բանն էլ պակսում է։

Ահա էդ պակասը տանելու կամ լրացնելու խնդիրն է, որ մենք պիտի տեսնենք։ Եվ ինձ թվում է, որ միշտ կարելի է