Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է։ Բայց բանն էն է, որ մինչև օրս ոչ մի տեղեկություն չունենք։

Ասենք տեղեկությունների գործը մեր հայրենիքում շատ ողբալի վիճակի մեջ է։ Եվ շատ աղետներ հենց դրանից են առաջ գալիս։

Մի ժամանակ, երբ մեր ժողովուրդը ոգևորված, ուռռա գոռալով լցվում էր Ղարաքիլիսա՝ հանկարծ մեր շտաբը հայտարարեց, թե տաճիկներր երեք գծով արդեն գալիս են և մի քանի ժամից էստեղ կլինեն։ Ասավ, ինքը փախավ Դիլիջան, ժողովրդի թափն էլ կոտրեց, ահաբեկեց ու ցրվեց։ Վերջը դուրս եկավ, որ տաճիկն երբ իսկի տեղներիցը չեն էլ շարժվել7։ Ահա քեզ разведка։ Հիմի էլ հավատացնում էին, որ խաղաղ է մուկն էլ չի ժաժ գալիս և հանկարծ8

Նրանից առաջ էլ նույնն է եղել, նրանից հետո էլ նույնը։ Շատ է զարմանալի։

Բայց շեղվեցի։ Եթե ապահով հաղորդակցություն լինի, հաճախ նամակներ կգրեի և ավելի հետաքրքիր, քան գրում եմ։ էսպես մի տրամադրություն ունեմ էս մի քանի օրը։

Դու գիտես, որ ես առհասարակ նամակ չեմ գրում, անքաղաքավարության և երբեմն նույնիսկ հանցավորության է հասնում իմ էդ սովորությունը։ Շատերն էլ, որ նամակ են գրում մին֊երկու ու պատասխան չեն ստանում — դադարում են։ Բայց էս մի քանի օրս էդպես տրամադրություն ունեմ գրելու քեզ ու Անուշին։

Դուք էլ հո՝ աստված օրհնի, նեղություն չեք քաշում մի֊մի նամակ գրեք։

Եթե մեկն ինձ էսքան սիրեր, ինչքան ես եմ ձեզ սիրում, ով ուզում էր լիներ, մինչև անգամ՝ ուզում եմ ասեմ՝ ինչ ուզում էր լիներ, ինչ ասես, որ չէի անիլ նրա համար։

Բայց բանից դուրս է գալիս, որ խեղճ Պուշկինը ճիշտ է ասել բանաստեղծի համար իր, կարծեմ «ЭХО» ոտանավորի մեջ, թե նա ամենքին ու ամեն բանի էլ արձագանք է տալիս, իսկ իրեն ոչ ոք9․․․

Դուք իսկի չեք կարողանում հասկանալ, թե ինչ է պատահում ինձ հետ, երբ որ դուք երբեմն֊երբեմն, էսպես ասենք, արձագանք եք տալիս ինձ սիրով ու կենդանի։