եմ շինել և որի վրա շարունակ ծախք եմ ունեցել՝ մի հատ կոպեկ չեմ ստացել երբեք։ Իսկ անցյալ կառավարությունից միայն անցյալ տարի մի գրություն ստացա, թե քեզ նշանակել ենք միանվագ երեսուն ռուբլի հայկական չեկերով․․․
Հո գիտե՞ս — ինչ կնշանակի։
Շնորհակալություն գրեցի և խնդրեցի, որ տան որդուս, որը իրենց պաշտոնյան էր և որին, սակայն, ես ստիպված էի շարունակ օգնություն ղրկել:
Միայն գրադարանիցս ծախելով եմ կարողացել մնալ ջրի երեսին։
Ես չեմ ուզում և չեմ էլ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճն ասեմ. — մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունավում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով․․․
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա Էս մարդկանց մեջ կամ Էս ժողովրդի մեջ: Բայց ես ի՞նչ եմ ասում — չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ։
Բայց ավելի լավ է՝ թողնենք: Կտեսնվենք, կխոսենք։
«Վերնատնից» էիր հարցրել։
Աղայանի ընտանիքից մնացել են միայն մի աղջիկը՝ Անահիտը, և որդին՝ Մուշեղը։ Մնացածը բոլորը մեռան, և՛ կինը, և մյուս աղջիկները։
Դերենիկի կինն էլ մեռավ։ Դերենիկն այժմ ավելի է հայտնի հրապարակում, քան առաջ, և նյութականն էլ ըստ այնմ, այժմ ավելի լավ է, քան առաջ էր։ Իհարկե, մեր երկրի կացության մեջ եմ առնում։ Իր դրամաները՝ «Դատաստանը»