Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էս հիվանդության էլ մի բանը լավ եղավ, որ ազատվեցի մի բանի նախագահություններից և անվերջ ու անխուսափելի ժողով-մողովներից:

Շարունակ ուզեցի Լոռի - մեր գյուղում մի հարմարություն ստեղծեմ, էնտեղ քաշվեմ ապրելու և պարապելու - չեղավ։ Երևի էդպես էլ գլուխ չի գալու։

է՜հ, աստված էլածն օրհնի։

Եթե աշխարհքը մեզ հետ չի զալիս, մենք պետք է աշխարհքի հետ գնանք։ Մեր ուժի պատածը պետք է անենք, ավելին հո չենք կարող։

Նոր ուղղագրության հետ ո՞նց ես։

Ասած է ագռավի ետևից գնացողը աղբի վրա վեր կգա։ Մ. Աբեղյանի ետևից գնացողը, իհարկե, պետք է միջին դարերը գնար։ Չեն էլ հասկանում, թե բացի շատ թերությունները — ինչ հետադիմություն է։ Իբրև թե ռուսներին են հետևում։ Նրանք ասում են՝ ինչ մաշվել է դեն ենք գցում։ Սրանք ասում են՝ միջին դարերում էսպես էր — վերականգնում ենք։

Առաջին բողոքը ես ղրկեցի։ Հետո նամակագրություն5, հետո անձամբ քֆրել, և այլն, վերջը ճշմարիտը սա է — որ դուրս չի գնալու էսպես։

Տեսնում ես, բավական երկար նամակ գրեցի։ Հալա դեռ շատ բան էլ նոր միտս ընկավ։ էն էլ հետո։

Ղոչաղ կաց, սիրտդ մի կոտրիր։

Բարևում են մերոնք բոլորը։

Համբույրներով՝
քո Հովհաննես

1922, կարծեմ 29 օգոստոսի,

Թիֆլիս