Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ հունվարի 24-ին Վորոնցով-Դաշկովին ուղղված խնդրագրում Պրիգարային ներկայացրած երեք լրացուցիչ գրավոր ցուցմունքների հիշատակության և մարտի 20-ի՝ Թիֆլիսի նահանգի և Զաքաթալայի գեներալ նահանգապետին գրված խմդրագրում իրեն երկրորդ անգամ չհարցաքննելու փաստի հիշատակության, ինչի համար Թումանյանը դիմել էր Պրիգարային. ուրեմն, գրված է փոխարքային խնդրագիր ուղարկելուց հետո և գեներալ-նահանգապետին դիմելուց առաջ՝ փետրվար-մարտ ամիսների ընթացքում։

Թարգմանություն

ԹԻՖԼԻՍԻ ԺԱՆԴԱՐՄԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՌՈՏՄԻՍՏՐ

ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ՊՐԻԳԱՐԱՅԻՆ

Թիֆլիսի Մետեխի բերդի կալանավոր

բանաստեղծ Հովհաննես Թումանյանից՝

սույն թվականի հունվարի 3-ին տրված

ցուցմունքի չորրորդ լրացում

Ի հաստատումն այն բանի, որ [չեմ զբաղվել հեղափոխությամբ] ես նույնիսկ հեղափոխության շրջանում եղել եմ խաղաղ մարդ և ամբողջ հոգով նվիրվել խաղաղ ու հանգիստ կյանքի վերականգնմանը, խնդրում եմ ներկայացրած իմ երեք լրացումներին ավելացնել հետևյալ փաստերը։

Խառնակությունների ժամանակ, երբ ամեն տեղ ագրարային շարժումներ էին բորբոքված և կալվածատերերի վրա հարձակումներ էին կատարվում, Բորչալուի գավառի Լոռու տարածշրջանում, որտեղ ես էի գտնվում, մինչև իմ այնտեղից հեռանալը ոչ մի նման բան տեղի չի ունեցել, չնայած որ այնտեղ էլ շատ են կալվածատերերը և կալվածքները։

Դա կարող են հաստատել ինչպես Լոռու կալվածատերերը, այնպես էլ նրանց կառավարիչները՝ կոմս Լորիս-Մելիքովի կառավարիչ Գ. Պիրալովը, Արղության Երկայնաբազուկ իշխանները, Եգոր Ֆադեևիչ Խանադովի ժառանգները՝ Արամ Եգորովիչը և մյուսները, Եգոր Բեջանովիչ Քալանթարովի ժառանգները՝ Վլադիմիր Եգորովիչը և մյուսները, Պավել Զախարովիչ Բաժբեուկ-Մելիքովը, իշխան Ցիցիանովը, իշխան Բագրատիոն Դավիդովը, դոկտոր Քոչարյանցը, Վասիլի Լյուսինովն ու մյուսները, ինչպես և տեղի բնակչությունը և ամբողջ վարչակազմը։

[Եվ եթե ունենալով ազդեցություն, ես այդպիսի ուղղություն էի բռնել, դրա պատճառը այն չէ, որ այդ հարուստներն ու կալվածատերերը, անխտիր լավ մարդիկ են եղել։ Ընդհակառակը, նրանց մեջ կան այնպիսի անձինք, որոնք զբաղված են միայն նրանով, որ մշտապես անհանգստացնեն, խաբեն և շահագործեն մի կողմից՝ ժողովրդին, մյուս կողմից կառավարությանը, խառնակություն ստեղծեն իրենց կոպեկի համար։ Եվ եթե այսօր ես նրանց