Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հակաօրինական է համարվում, ապա այդ արվել է ժամանակի դրդմամբ և ադմինիստրացիայի գիտությամբ վտանգը նախազգուշացնելու որոշակի նպատակով, ինչը իրոք հաջողվում էր։ Այս ամենը հեշտ է հաստատել, փաստերը, փաստաթղթերը և վկաները, ամեն ինչ առերես է։ Անհրաժեշտ եմ համարում հայտնել, որ այս գործունեությունը դադարեց 1906 թ. ընթացքում ։

1906 թվականին, վերդառնալով Թիֆլիս, ես այլևս չեմ եղել հայրենիքում։ Կրկին վերադարձա առանձնասենյակս և տրվեցի իմ գրական խաղաղ գործին։

Բայց խաղաղությունը, որը ես այնքան թանկ էի գնահատում և ուզում էի ստեղծել ուրիշների համար, ինձ չվիճակվեց. իմ դեմ ապստամբեցին իշխանությունների կողմից պատժված հանցավորներ, ավազակներ, ավազակներին թաքցնողներ, մարդասպաններ, շանտաժիստներ, իրենց ստացած պատժի համար մեղադրելով ինձ, պատրվակ դարձնելով իշխանության ներկայացուցիչների հետ իմ ունեցած սերտ հարաբերությունները։

Դաշնակցականները[1] հետապնդում էին ինձ նրա համար, որ ես 1907թ. ամռանը, ի պատասխան իմ հայրենակիցների, գրել էի, որ նրանք չլսեն դաշնակցականներին. հավանաբար, այդ նամակներր մինչև հիմա պահպանվում են։ Ավազակներ Զուբինովը և Վերմիշևը սպառնում էին ինձ՝ իբրև թե ես օգնել եմ Լոռու պրիստավին իրենց բռնելու համար։ Այնտեղ, Բորչալուի գավառի կենտրոնում՝ Շուլավերում, գավառապետի նստավայրի մոտերքում թալանեցին մեր տունը, և մինչև հիմա մեղավորները մնացել են անպատիժ։ Եվ այս բոլորի վերջը իմ և որդուս բանտարկությունն է Մետեխի բերդում՝ որպես հեղափոխական–դաշնակցականների։

Հիմա, այստեղ նստած, ես մտորում եմ այն քաղաքացիական պարտքի մասին, որ ինձ վրա եմ վերցրել մեր գավառապետերի թելադրանքով, իհարկե, գիտակցաբար, որի համար ես այնքան տառապել եմ և համբերել այն ժամանակ, իսկ այժմ ինը երեխաներիս թողած տանը, կնոջս խնամքին, բերդում եմ, ով գիտի ինչպես և երբ կարող եմ ապացուցել իմ անմեղությունը։

Ձերդ գերազանցություն, լինում են թյուրիմացություններ, բայց այս թյուրիմացությունը շատ տարօրինակ է։ Եվ՛ իմ անցյալը, և՛ իմ սկղբունքները, որոնք հայտնի են գրականության բնագավառում ու կյանքում, և վերը շարադրած իմ գործունեությունը անկարգությունների ժամանակ, որոնց նման օրինակներ շատ կարող եմ բերել, — այս բոլորը ինձ համարձակություն են տալիս բարձրաձայն հայտարարել կատարվող անիրավացիության մասին և խոնարհաբար խնդրել Ձեր պաշտպանությունը, եթե հավաստիանալով այդ ամենին և իմ անմեղությանը, ինձ համարեք դրան արժանի[2]։

1909 թ., մարտի 20,
Մետեխի բերդ

  1. Այստեղից է սկսվում սևագիր-ինքնագրի պահպանվող հատվածը։
  2. Բանաստեղծի խնդրագրերը իրենց նպատակին չեն ծառայել։ Նույն մարտ ամսին, բանտարկությունից ու նախնական քննությունից երեք ամիս անց, «Դաշնակցության գործը» հանձնվում է Նովոչերկասկի մարզային դատարանի հատուկ կարևորության գործերի քննիչ Լիժինին։