Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի խոսքով պրծար։ Մաղարիչը քեզ վրա է, տեսնեմ ինձ համար ինչ ես բերում։ Իսկ ես քեզ համար Բաքվից մի բան եմ բերել, որ, ինչպես ծախող թուրքը հավատացնում էր, Թիֆլիս ոչ ոք չի ունենալ: Երևի Շուլավեր էլ եք դիպչելու։ Նինան էլ է ուզում գա՝ Դարոյի աղջիկը։ Գիրգիդովենց Ստեպկոն էլ ասում էր կովն ու ես էլ գնալու ենք Շուլավեր։ Կարծեմ Կորյունը կլինի։

Իմ գրքում բաներ էին փոփոխել։ Տպագրությունը կանգնեցրի — նորից տպել եմ տալիս փոխված տեղերը2։

Համբույրներով՝
հայրիկդ
42. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս–ժնև
20 նոյեմբերի, 1908, Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,

Հիմի ով գիտի կասես քեզ նամակ չեմ գրում. այնինչ, միշտ, գրեթե ամեն օր գրում եմ։ Ամեն օր գրում եմ քեզ ու մի երկու մոտիկների։

Ամեն օր հազար ու մի տեսակ բան է պատահում, և մարդ կարիք է զգում իր տպավորությունն ու կարծիքն ասելու մի մտերիմ հոգու։ Միակ դժբախտությունն այն է, որ նամակներս թղթի վրա չեմ գրում, այլ ինձ ու ինձ մեջս ասում եմ ու գրեթե հավատում, որ տեղ հասավ։ Եվ զարմանալի կլինի, թե ստացած չլինես։

Եթե անթել հեռագիր կլինի, անթուղթ նամակ չի լինի՞լ: Մարդու հոգին ընչով է պակաս երկաթե թելից։

Մի խոսքով, էլ չասես, թե նամակ չես գրել։ Մանավանդ, պատասխանն էլ միշտ ստացել եմ—դժգոհ ես եղել իմ այդ ձևի նամակներից։

Ես հիմի բանաստեղծություններն էլ եմ էդպես գրում, ոնց որ դու պապիրոս ես քաշում ու ծուխը բաց թողնում օդի մեջ, ես էլ երազում եմ կամ ոգևորվում ու բաց թողնում օդի մեջ…