Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լավն այս է. մնացածը գործի ավելի անբանաստեղծական մասն է։

Այս բացատրությունը կարող ես հայտնել կամ ղրկել այստեղի իմ մոտիկներին, որ նրանք էլ իմանան, թե բանն ինչպես է կամ ինչն ընչից է։

Այժմ գալով աշխարհքի բաներին, քեզ պետք է ասեմ, ինչպես վերոգրյալ նամակներից էլ նկատած կլինես, ծիծաղս գալիս է այս աշխարհքի և նրա անթիվ հերոսների վրա։

Փուչ մարդիկ են, ախպեր, ու մեծ-մեծ բաներից են խոսում կամ լուրջ բաներ են խաղում։ Լավ կարգեր են ուզում. շատ լավ, իհարկե, լավ կարգերը պետք է լինեն վերջապես, բայց իրենք շատ են անկարգ, և միշտ կմնան այդպես։ Գոնե էս սերունդը կմնա այսպես։ Եկող սերունդը կզարմանա սրանց վրա, բայց նա ինքն էլ, անշուշտ, վատ կլինի։ Հեշտ չի ուղղվիլ ու ազնվանալ մի փչացած ժողովուրդ։ Իսկ թե շատ է փչացած ու անազնիվ—այդ աշխարհքի անհերքելի ճշմարտություններից մինն է։

Ես էլ չեմ սիրում, նույնիսկ ազատությունն էլ չեմ սիրում այն օրից, երբ համոզվեցա, որ մարդիկ ընդհանրապես վատ են։ Ափսոս ոչ սիրտ ունիմ, ոչ հնարավորություն գրելու քեզ իմ բոլոր տպավորություններն ու տեսածները։ Այդքանը հերիք է, կասեիր։

Բայց լավն այն է, որ աոաջուց հիացած չեմ եղել երբեք, թե չէ ով գիտի խելագարվեի։ Առաջուց էլ գիտեի։

Ամբողջ Կովկասը (Ռուսաստանն էլ արդեն գիտես) մի հրաբխային կրատերի է նման, որ մեղմ ծխում է, և չգիտես որ օրը կամ որ ժամին կարող է որոտալ ու վիժել իր ծոցում պահած լավան ու կրակը։ Թիֆլիսում շարունակ մարդասպանություններ են լինում. ամեն օր։ Այնքան սովորական է դարձել, որ եթե կտրի մի օր, չգիտեմ ինչպես ենք ապրելու: Իսկ թալանը հո… ես կարծում եմ մեր աստծո գառը պ. Հակոբն էլ պետք է թալանելիս լինի, թեև ինքը հերքում է։

Բայց եթե ուզում եք նամակ գրեմ—հարցեր տվեք, ավելի լավ կլինի, տեսնեմ ինչով եք հետաքրքրվում։ Թե չէ ես