226. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
էջմիածին– Թիֆլիս
(էջ 229)
Ինքնագիրը չի պահպանվել:
Հեռագրի թարգմանությունը տպագրվել Է օգոստոսի 16-ին, Հր, 1915, № 184:
227. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
էջմիածին–Թիֆլիս
(էջ 230)
Ինքնագիրը չի պահպանվել:
Հեռագրի թարգմանությունը տպագրվել Է սեպտեմբերի 3-ին., Հր, 1915, № 198։
1915 թ. սեպտեմբերի 8֊ին Էջմիածնի Մատենադարանում տեղի է ունեցել «բժշկական կազմի» երկրորդ նիստը բժիշկ Համո Օհանջանյանի նախագահությամբ, մասնակցել են 18 բժիշկներ, «եղբայրական կոմիտեի» ներկայացուցիչ Բաբկեն վարդապետ Վարդազարյանը և «որբանոցի ներկայացուցիչ» Հովհ. Թումանյանը։ Ինչպես երևում է հիշյալ նիստի մասին հրապարակված հաղորդումից, բանաստեղծին դարձյալ հուզում էին նույն հոգսերը, ինչի մասին նա հայտնել էր Թիֆլիս ուղարկած հեռագրերում. «Հովհ. Թումանյանը առաջարկում է շուտափույթ ժողովեք բաց երկնքի տակ գտնվող գաղթականներին, — գրված է հաղորդման մեջ,— որովհետև շուտով կսկսվեն ցրտերը, և եթե կան գաղթականության մեջ փոքրիշատե առողջներ, դրանք էլ կհիվանդանան։ Բժիշկ Լ. Մյասնիկովը միանում է պ. Թումանյանի առաջարկին։ Հայր Բաբկենը նպատակահարմար է գտնում գաղթականներին պատսպարել վեհարանի նոր շենքի մեջ» (Հր, 1915, № 215)։
Ուրեմն սեպտեմբերի 8-ին Թումանյանը տակավին էջմիածնում էր։
Ե՞րբ է նա Թիֆլիս վերադարձել:
Քրոջը՝ Աշխենին, ուղղված Նվարդ Թումանյանի՝ սեպտեմբերի 2-ի նամակում գրված է. «…Մենք երևի մինչև սեպտեմբերի 15֊ը կգանք, գուցե ավելի շուտ» (ԹԹ, Փբ, № 3776)։ Արտավազդ Թումանյանը նույն թվականի հոկտեմբերի 1 ֊ին Պողոս Մակինցյանին գրել է, որ բանաստեղծի՝ Թիֆլիս վերադառնալուց հինգ օր չանցած Ռոստոմի սպանության դեպքը պատահեց (ԹԹ, Փբ, № 3788)։ Այս փաստերը և Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի սպանության օրը (սեպտեմբերի 16) համադրելով պետք է եզրակացնել, որ բանաստեղծը Թիֆլիս հասել է մոտ սեպտեմբերի 10-ին։