Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ռոստովի համալսարանում հարց է ծագում հայագիտություն մտցնելու, իմ թեկնածությունը դնե՞մ, թե չէ» (ԳԱԹ, Թֆ, № 494)։ Աճառյանի Թիֆլիս տեղափոխվելու հարցը ձգձգվել է և թեպետ կնքվել է պայմանագիր, նշանակվել թոշակ, բայց գործը խափանվել է Ռուսաստանի հոկտեմբերյան հեղաշրջման, ճանապարհների փակման, թուրքերի նոր հարձակումների պատճառով (տե՛ս Գ. Ղափանցյանին գրած 1919 թ. հունիսի 24֊ի նամակը)։

6 Ն. Մառը Թիֆլիս ժամանել էր հունիսի սկզբներին (Հր, 1917, № 119, հունիսի 8)։ Հայագիտությանն ու համալսարանին վերաբերող այդ նիստերը տեղի են ունեցել հունիսի 7-ին և 9-ին։ Այդ օրերին Ն. Մառի նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնվում է Կովկասյան հնագիտական ինստիտուտ (Հր, 1917, № 125, հունիսի 15):

263. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆԻՆ

Պյատիգորսկ—Վլադիկավկազ

(էջ 266)

Օգոստոսի 15

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 403։

Տպագրվել է ԵԺ V, 428 — 429:

1 Ուսուցիչ, հասարակական գործիչ, հոգևորական և թարգմանիչ Հ. Սառիկյանին Թումանյանը ճանաչում էր տակավին անցյալ դարի 90֊ական թթ., երբ նա աշխատում էր Երևանի նահանգի գյուղական դպրոցներում, թղթակցում էր պարբերական մամուլին։ Մասնակցել է Խանասորի ճակատամարտին, համաշխարհային պատերազմի ժամանակ գործել Արևմտյան ռազմաճակատում, արժանանալով պարգևների։ Կյանքի վերջին տարիներին մեծ մասամբ զբաղվել է ուսուցչությամբ և թարգմանական աշխատանքով (Սառիկյանի մասին մանրամասնությունները տե՛ս էդ Ջրբաշյանի «Մի արժանավոր, բայց մոռացված անուն» դիմանկար-հոդվածում՝ տպագրված Գ., 1997, № 3, էջ 47 — 58)։

2 Հավանաբար խոսքը վերաբերում է քաղաքի չեչեն, ինգուշ ազգությունների և կազակների ազգամիջյան կռիվներին, որոնք ժամանակ առ ժամանակ հասնում էին արյունահեղության։ Ռուսաստանում հեղափոխության հաղթանակից հետո էլ բավական ժամանակ շարունակվում էին այդ ընդհարումները՝ Թիֆլիսի բնակչությանը զրկելով Վլադիկավկազից Ռազմավիրական ճանապարհով մթերք ստանալուն։

3 Գևորգ Սուքիասյանն է, նախկին ուսուցիչ, այդ օրերին՝ տպարանատեր Պյատիգորսկում, «Северный Кавказ» թերթի հրտարակիչը։

4 Խոսքը վերաբերում է դստեր՝ Աշխենի ամուսնուն և որդուն՝ Մուշեղին, վերջինս ավարտելով Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմաթիկական բաժինը, ընդունվել էր նույն տեղի Սակրավորների ուսումնարանը