Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանճերի վրա ավելացավ Դրամբյանը6։ է՛հ, աստծու կամքն է․ դուք ողջ լինեք և առողջ։ Արդեն ձեռնարկում ենք «Լուսաբերը» դարձնելու և տաճկահայոց դասագիրք։

Կարծեմ հինգշաբթի։

Բարևներով ու համբույրներով՝ ձեր խոնարհ ծառան
հայրիկը
59. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ
Թիֆլիս — Բաքու
1909, դեկտեմբերի 21, Թիֆլիս
Սիրելի Հեղինե,

Մեր հների սովորությանը հետևելով, էս գլխից պետք է ասեմ, որ մենք ամենքս լավ ենք։ Պատահում է, որ մեկը կամ մյուսը թեթև հիվանդանում են, բայց դրան նշանակություն չենք տալի․ միայն մի նորություն, որ ինձ անհանգստացնում է, էն է, որ Օլյան լուրջ հիվանդության նշաններ է ցույց տալի։ Երբեք իր կյանքում չի հիվանդացել և ոչ մի օր. այժմ, ինչպես երևում է, հոգնել է և վերջապես ինչքան էլ առողջ մարդ լինի, քարից հո չի լինիլ քարն էլ է մաշվում։

Գալով ձեր նվաստ ծառային և նրա պարապմունքին, որով Դուք էնքան քույրորեն հետաքրքրվում եք, պետք է ասեմ, որ առողջությունս բավարար է, տրամադրությունս աշնան եղանակի նման, ժամանակս ամբողջովին նվիրած եմ տնային անվերջ հոգսերին, իսկ գրականությամբ, դժբախտաբար, չեմ պարապում։

Վերջին տեղեկությունը շատ ցավով եմ գրում, և կարող եք գուցե երևակայել էդ ցավի խորությունը, երբ ասեմ, դրա հետ միասին մտածում եմ, որ անցյալում էլ չեմ լուրջ պարապել երբեք և հաստատ գիտեմ, որ մնացած օրերս էլ փոխվելու չեն իսկի։ Եվ ես էլ վաղուց լուրջ ափսոսում եմ ինձ։ Բայց ի՞նչ անենք․ էս է ու էսպես մեր աշխարհքը, մեր կյանքը, մեր մթնոլորտը․ և էսպես էլ պետք է լիներ, զարմանալին