Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քնից,
Ներսի մըթնում մի կերպ արավ, 25
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել։ 30
— Հե՜յ, ո՞վ ես դու,
Ա՛խպերացու։
— Տը՜զ-պը՜զզ, ասավ, Մոծակն եմ ես։
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ, 35
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում, 40
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում, 45
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես 50
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ։
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ,—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհ պաղել, փոխվել, 55
Կողքիցըս էլ կինս է փախել…