Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տես այն ձյունոտ բարձր լեռներ,
Որ ձգվում են հեռվում ահա՜,
Այն սարերն էլ անցնենք թե չէ,
Այնուհետև էլ թուրք չըկա։
Հենց այս խոսքում թուրքը հասավ՝
Թուրը ձեռին, սև ձիավոր։
— Մի վախենար, քույրիկ, ասավ,
Սեգ պատանին քաջ ու հըզոր։
Մի' վախենար կանգնած եմ ես...
Տե՛ս, այն ձյունոտ սարերն ահա՜...
Փախի՛ր, գնա՛… այն էլ անցնես,
Այնուհետև էլ թուրք չըկա։
Ու Նազիկը լեղապատառ,
Վազ է տալիս, փախչո՜ւմ, փախչո՜ւմ․․․
Բայց հարամին մոտ է արդեն
Փընչում է ձին զենքը շաչում…
— Ա՜խ, ի՜նչ կըլնի թռչուն դառնամ,
Կանչեց ահից խեղճը հանկարծ,
Ու բաց էին դռներն երկնից,
Լըսեց նրա ձայնը Աստված։
Իսկույն դառավ նա թևավոր,
Երկինքն ելավ, թռա՜վ, պրծավ…
Մնա՜ց, մնա՜ց… մինչև այսօր
Եղբայրը դեռ ետ չըդարձավ։
էն օրվանից անբախտ քույրը
Թռչուն դառած ման է գալիս,
Հենց հասնում է մութ գիշերը
«Սըհա՜կ, Սըհա՜կ»... ձայն է տալիս
|
|