Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՔԱՌՅԱԿՆԵՐ


ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՌՅԱԿՆԵՐԸ

Կյանքի վերջին տարիներին (1916—1922) Թումանյանի չափածո ստեղծագործության մեջ կարևորագույն տեղ է գրավում պոեզիայի ամենափոքր ձևերից մեկը՝ քառյակը։ Այդ ժանրը շատ առումներով դարձավ նրա անցած ճանապարհի հանրագումարը։ Ճիշտ է, Թումանյանի «քառյակային» ժառանգությունը ծավալով այնքան էլ մեծ չէ. բանաստեղծի կենդանության ժամանակ տպագրվել է ընդամենը 46 քառյակ, շուրջ երեք տասնյակ էլ մնացել են անտիպ կամ սևագիր վիճակում։ Սակայն, առանց տատանվելու կարելի է ասել, որ այդ համեմատաբար փոքր տարածության վրա է ընկնում Թումանյանի ստեղծագործական կյանքի վերջին շրջանի գրական-փիլիսոփայական որոնումների հիմնական ծանրությունը։

Քառյակների ստեղծման և մշակման ընթացքը լրիվ ներկայացնելու համար կարևորագույն աղբյուրներ են մամուլում եղած հրապարակումները, հեղինակային ձեռագրերը, որոնք պահպանվել են գրեթե առանց կորստյան, ինչպես նաև հետևյալ երկու գրքերը։ Առաջինը՝ 1920 թ. Թիֆլիսում տպագրված «Քառյակներ» գրքույկն է, ուր զետեղված է երեսուն ստեղծագործություն (դասավորված ժամանակագրական կարգով և համարակալված արաբական թվերով)։ Երկու տարի անց՝ «Բանաստեղծությունների» Կ. Պոլսի ժողովածուի մեջ ավելացան նաև 1920—1921 թթ. գրած քառյակները, և դրանց թիվը հասավ քառասունի (համարակալված հայկական այբուբենի տառերով)։ Վերջին հրատարակության մեջ, սակայն, կան ժամանակագրական կարգի ոչնչով չարդարացված խախտումներ, ինչպես նաև կրճատումներ (օրինակ՝ «Լինե՜ր հեռու մի անկյուն...» քառյակը)։ Նման փաստերը, որոնք առհասարակ բնորոշ են հեղինակի անմիջական հսկողությունից դուրս մնացած այս ժողովածուի համար, ստիպում են քառյակների հրատարակության ժամանակ ևս նրան մոտենալ զգուշությամբ։ Հեղինակային վերջին հրապարակումները 1922-ին գրված և նույն թվականին «Նորք» հանդեսում տպագրված երեք քառյակներն են («Աղբյուրները հնչում են ու անց կենում...», «Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին...», «Էնքան շատ են ցավերն, ավերն իմ