Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր սիրուհուն. «Ոտըդ ըգդույշ դիր հողին…», «Հին աշխարհքը ամեն օր…», «էս է, որ կա… ճիշտ ես ասում․ թասըդ բե՛ր…» և այլն։

Բնության մշտահոլով կյանքի հետ հաղորդակցման և միավորման մեջ Թումանյանը տեսնում է մարդու անմահության միակ ուղին։ Այդ ճանապարհով էլ նա վեր է բարձրանում անխուսափելի մահվան ճնշող ազդեցությունից։ Մարդը ծնվում է բնությունից և մահանալով նորից վերադառնում է դեպի բնություն, դառնում նրա հավերժական գոյության մի մասը։ Նման բնապաշտական հայեցակետի արտահայտությունների կարելի է հանդիպել շատ քառյակներում, որոնց յուրօրինակ խտացումն է «Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում…» քառատողը։ Թումանյանն ասեք ձգտում է մի քանի տողի մեջ ամփոփել մարդկային կյանքի ողջ ընթացքը, դիալեկտիկան, որ սկիզբ ու վերջ չունի։ Նույնիսկ ճամփաների առօրեական պատկերը կապվում է մարդկանց, սերունդների հավերժական հաջորդափոխման գաղափարի հետ («Ովքե՞ր անցան ձեզանով, Ո՞ւր գնացին, ճամփորդներ»)։ Իսկ մշտահոս աղբյուրները հիշեցնում են, որ թեև անցողիկ, բայց և հավերժական են նաև մարդկային կյանքը, ձգտումները, երջանկության ակունքների բանաստեղծական երազանքը («Աղբյուրները հընչում են ու անց կենում…»)։ Այստեղից արդեն մի քայլ է մինչև բանաստեղծի մտորումերի ամենավերին շերտը, որ կարելի է կոչել տիեզերական խոներ։ Այդպես է բնութագրել ինքը՝ Թումանյանը, որը 1923 թվականի հունվարի 21-ի զրույցի ժամանակ ասել է. «Իմ վերջին շրջանը՝ փիլիսոփայական շրջանը — «տիեզերական խոհերի» շրջանն է» (Նվարդ. Թումանյան, էջ 304)։ Բացի «Սիրիուսի հրաժեշտը», «Տիեզերքի ընթերցումը», «Արուսյակ» և փիլիսոփայական այլ բանաստեղծություններից , այդ շրջանի ամենացայտուն դրսևորումներից եղան նաև քառյակները։ Ավելին՝ այդ թեմայի ամենաբարձր ու կատարյալ արտահայտությունը։ Բանաստեղծն ուզում է մտքով ընդգրկել տիեզերական տարածության և ժամանակի անվերջությունը, որի մասին մի զրույցի ժամանակ ասել է. «Անհունության գաղափարը մեծ գաղափար է» (նույն տեղում, էջ 86)։ Նա ցանկանում է զգալ և ընկալել «տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն» (ինչպես առվում է 1920 թվականին գրած «Տիեզերքի ընթերցանումը» բանաստեղծության մեջ)։ Այդ մտայնության տարբեր դրսևորումների կարելի է հանդիպել «Հոգիս՝ տանը հաստատվել…», «Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր…», «Տիեզերքում աստվածային մի ճամբորդն է իմ հոգին…», «Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ…», «Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ…» և այլ քառյակներում։ Մտովի ընդգրկելով տիեզերական հասկացությունների անսահմանությունը, Թումանյանի քնարական հերոսը ցանկանում է հասնել ու միաձուլվել մի բարձրագույն էության հետ, որն աստվածացված բնության խորհրդանիշն է։ Ահա այդ մտայնությունն արտահայտող լավագույն քառյակներից մեկը.