Հովիվ Սարոյին գտնելու համար,
Որ սարիցն եկավ Անուշին փախցրեց։
Մի ամսից հետո վերադարձավ տուն՝
Գովելով նրա արարքը ճարպիկ,-
«Հալալ է տղին,-ա՛յ իգիթություն, 490
Ահա, թե ինչպես կըփախցնեն աղջիկ»։
Մենակ Անուշի եղբայրը-Մոսին
Չըվերադարձավ, և երդվել էր նա,
Որ, ուր որ լինին, նրանց միասին
Գտնի կոտորի, սիրտը հովանա։
XXVIII
Եվ գյուղացին երգ հորինեց,
Գովեց հովվին ու յարին,
Եվ երգելով տարաձայնեց
Այս արկածը սիրային։
Երգեց սիրո հալածանքը 500
Եվ արարքը սիրողի,
Եվ կամապաշտ եղբոր ջանքը,
Բարկությունը անտեղի։
Երգեց հայրը, երգեց որդին,
Իրան տանը և հանդում…։
Եվ ամեն անցք յուր հետնորդին
Նա երգով է ավանդում։
XXIX
Անցավ մի ամիսն, և ահա մի օր
Քաղվորների հետ, իրիկնապահին
Անուշը եկավ տխուր, գլխակոր. 510
Հարևանությունն հավաքվեց գլխին։
Աստված խնայեց.-նրա եղբայրը
Դեռևս հանդից չէր վերադարձել,
Իսկ խոժոռադեմ ալևոր հայրը
Սկսեց փրփրած թքել֊անիծել.-