Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուռը շառաչեց, մարդիկ խուժեցին,
Եվ հառաջ անցավ մի թուխ պատանի,
Գունատված հարցրեց գյուղացիներին.-
550 «Այստե՞ղ չըհասավ ձայնն հրացանի»։
Զարհուրեց ամբոխն և աղաղակեց
Խառըն ձայներով, ի՞նչ եղավ ձորում…
Ի՞նչ հրացան էր… ինչո՞ւ տըրաքեց…
Շո՛ւտ արա, ասա՛, էլ ինչ ես լռում…»
Պատանին խոսաց-«Հենց այսօր ծեքին
Մոսին Սարոյին ձորում պատահեց…
Գնդակը դիպավ Սարոյի կրծքին,
Թիկունքիցն անցավ», ասաց ու լռեց։
Կարծես մի կրծքից ողջ միաբերան
560 Բացականչեցին ձայնով տրտմության.
«Ա՜յ, ափսոս իգիթ, որ կորավ իզուր…
Անո՜ւշ, Անո՜ւշ, ջուր հասցրե՛ք, ջո՜ւր…»

XXXI



Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ
Երկնքի մթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ։
Ցավից տաքացած ոչինչ չեն հարցնում,
Թռչում են, որպես ահից հալածված
Եվ նրանց առջև ահռելի բացվում,
570 Թշշում է ձորը արյունով լցված։
Նրանց ետևից տրըմբտրըմբալով,
Ալևոր միրքով գնում է ծերը,
Ոտքերը սուր֊սուր քարերին տալով,
Շուտ-շուտ սրբելով ջրոտ աչքերը։
Ծերունու հոգին ալեկոծում է
Արդեն կատարված դեպքը ցավալի
Եվ դառն աղետը, որ սպասում է,-
Վրեժխնդրությունն անխուսափելի…»
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում,