Ես ե՜րբ եմ եկել այստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրավ,
էնքան մընացի աչքըս ջուր դառավ։ 170
Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին՝
Ու չեկավ նա տես։
Խեղճը դողալով
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ
Ուռենի դարձավ։
Ջըրերի վըրա
Գըլուխը կախած 180
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին,
Ո՜նց է մոռանում...
-Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ինչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում.
էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում. 190
էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
էն ո՞ւմ եմ կանչում.
էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում.
էն, որ հառաչում ու ա՜խ եմ քաշում,
էն ո՞ւմ եմ հիշում...
Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստված Անուշ...
Արբեցած, անուժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցավ, հանգավ։
_________