200
-Անո՜ւշ, ա՛յ աղջի, Անուշ, տուն արի,-
Կանչում է մայրը, հառաչում, կանչում։
-Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜,
Ձորից աղջըկա ձայնն է ղողանջում։
Ու մազերն անկարգ տըված թիկունքով,
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը՝ փախած եղնիկի նըման։
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա, 210
Թողել է ձորում ջըրի եզերքին,
Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա։
-Նանի, վախեցի,-գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
-Նանի, ներքևում ես մարդիկ տեսա,
Թըվաց՝ թե թուրքեր էին լողանում...
Անիծում է ծեր մայրը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով, իջնում է նա ցած
Դատարկ ետ բերած հին կուժը ուսին։