Նրա ոտքի տեղից բըխեց, 120
Հոսեց մի գետ անդունդն ի վար,
Առավոտյան շողերի մեջ
Շողշողալով ու ծոր տալով
Էն Իշկուդա֊աստղի նըման։
Ու խոնարհեց Ոգին երկրի,
Աջով մարգում նրա համար
Գծեց ոլոր մի ճանապարհ,
— Գնա՜, ասավ, էս ընթացքով։
Ապա պոկեց իրեն ձեռքով
Քարահանքից մի կտոր քար, 130
Շինեց կարմիր չիբխի գլուխ
Ու զարդարեց նկարներով։
Գետի ափից եղեգն առավ
Իր մութ կանաչ տերևներով
Ու կոթ շինեց չիբխի համար.
Լըցրեց ուռու չոր կեղևով,
Կարմիր ուռու չոր կեղևով։
Շընչեց մոտիկ մեծ անտառին,
Ու ճյուղերը տըվավ իրար,
Կըրակ հանեց, վառեց չիբուխն, 140
Ու կանգնելով էն սարերին
Գիտչի-Մանիտոն՝ հըզորը,
Ծըխեց իրեն գալյումետը,
Իբրև նշան ողջ ազգերին։
Ու ծուխն ելավ կամաց-կամաց
Առավոտյան խաղաղ օդում,
Առաջ ինչպես մըթին մի գիծ,
Հետո կապույտ, խիտ գոլորշի,
Ապա ճերմակ ամպի նըման
Բարձրանալո՜վ, բարձրանալո՜վ,