Ճիշտը թողած՝ սուտը խոսել
Մի՞թե կարա ոտիդ փոշին։
Ամեն բանը չի պատմվիլ,
Ձեզ պես մարդկանց հեշտ չի դատել․․․
Բայց դրա հետ նետ գըցելում
Դու չես կարող համեմատվել։
Թե գիտենանք մեզ ամենքիս
Մաս֊մաս կանես՝ էլ ճար չըկա,
Մեր խոսքերը քեզ չեն օգնի,
Մի մազի չափ քեզ պետք չեն գա։
Ավթանդիլըդ նշանումը
Նետն էր ցըցում մինչև թևը,
Նրա զարկին ոչ թե որսը,
Չէր դիմանալ ինքը դևը։
Երկուսովդ քսան հարյուր
Գազան եք դուք մահին տվել,
Բայց քսանով Ավթանդիլդ
Սպանել է քեզնից ավել:
Ինչքան որ դու նետ գըցեցիր՝
Աստված քեզ տա էնքան տարի,
Բայց թե գետնից շատ ենք առել
Փոշոտներից քո նետերի...
Ռոստևանին դուր էր գալիս
Էս գործն, ինչպես մի խաղ նարդու,
Սիրում էր նա քաջությունը
Իր մեծացրած տղամարդու։
Էսպես նրանք խոսում էին
Էն հովասուն ծառերի տակ,
Նըրանց շուրջը խուրձ֊խուրձ կանգնած
Զինվորները հաղթահասակ։