Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գալիս են անթիվ անհամար գազան,
Ոռնոց, մռընչյուն ու խառնակ ձայներ․․․
Որը տուն ընկավ ու որը խանութ,[1]
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
250 Եկավ Դավիթը, կանգնեց մեյդանում,
— Վա՛հ, էս մարդիկը ինչ վաղ են քընում։
Հե՛յ կովատեր, հե՛յ գոմշատեր,
Ելեք շուտով, բացեք դըռներ,
Ով մինն ուներ տասն եմ բերել,
Ով տասն ուներ— քըսանն արել․․․
Շուտով ելեք, եկեք տարեք,
[Ձեր եզն ու կով] գոմերն արեք։[2]
[Ո՞վ է խելագար, ինչքան էլ որ քաջ
Դուռը բաց անի գազանի առաջ]։
260 Տեսավ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնվեց քաղքի մեյդանում։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՛ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր ապրանքն ու մալ թող մընան անտեր,[3]
Էլ ոչ կով կուզենք, ոչ գոմեշ ու եզ,
Միայն թե սրանից ազատ արա մեզ.[4]
Թե չէ էս քաղքին փորձանք կըբերի,
Գայլերոց կանի, կըտա կավերի։
270 Վեր կացավ գնաց Օհանը Դավթին.

  1. 248—250 Փախան, փակվեցին իրենց տըներում։
    Այնինչ Դավիթը կանչում է, գոռում.
    Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
  2. 257—259 Ձեր ապրանքը գոմերն արեք։
    [Ո՞վ է խելագար, թեկուզ հենց մի քաջ,
    Իր դուռը բանա գազանի առաջ]։
  3. 265 Մեր կովն ու գոմեշ թող մընան անտեր,
  4. 267 ա [Միայն սրանից մեզ ազատ արա],
    բ [Միայն էս խենթից մեզ ազատ արա],
    [Ուղարկիր ուրիշ մի բանի վըրա]