Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծըծմակա գըլխից մինչև Սեղան սար
Քո հերը ձեռին մի աշխարհ ուներ.
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.[1]
300 Կարո՞ղ ես— գընա էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում,
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի.
— Գընա, հորեղբայրդ, Օհանը կասի։

Հորեղբոր շեմքում մյուս օրը— ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝[2]
Իմ հայրը որսի սար է ունեցել,
Եղնիկ կա էնտեղ, եղջերու, կըխտար,
310 Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՛յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,[3]
Էդ ո՞վ քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
էն սարը, որդի, գընաց մեր ձեռից,
էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չըկան եղնիկ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քո հայրը դեռ կար,
է՜յ գիտի օրեր, որտեղ եք կորել,
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել։
Քո հայրը մեռավ, աստված խըռովեց,
320 Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ մեր երկիր քարուքանդ արավ,
Էն սարի որսն էլ թալանեց, տարավ,
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց․․․
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գըրված․․․
Անցել է, որդի, քո բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա։
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ․․․

  1. 299 Եղնիկ կա էնտեղ, եղջերու, պախրա.
  2. 307 — Հորեղբա՛յր, գոռաց, ինչո՞ւ չես ասել
  3. 311 — Վա՛յ, կանչեց Օհան, էդ քու բանը չէր,