— Ապրած, կենաս, Ալամ թագավոր։ էս աշխարհքը որ կա՝ ցավի տուն է, ցավն էլ որ կա՝ հազար տեսակ։ Եվ ցավն էլ հո անշունչ սարն ու քարը չպետք է քաշեն, մարդն է քաշելու[1]։ Դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինն ես լինելու։ Մենք չենք տեսել, բայց լսել ենք, որ քեզանից ու [մեզանից] առաջ էլ պատահել է՝ գորտ ու գազան մարդ են դառել, մարդը դառել գել կամ արջ։
Բայց թե ինչու է էս պատիժը այժմ գալիս քեզ վրա՝ անգետ ու մութ մարդիկ ենք մենք, էդ ղրկողը կիմանա։ Մենք էն գիտենք, որ նա, ով որ ցավ է տվել ու աղետ, ստեղծել է ամեն ցավի դեղն ու ճարն[2] էլ իրեն հետ։ Եվ աշխարհքում մի ցավ չկա, որ գիտությունը նրա դեղն ու ճարը չիմանա։ Կանչի՛ր, թող գան քո տերության մարդիկն ուսյալ ու գիտուն, և քո մարդկանց և քո այգուն նրանք կանեն օգնություն։
էսպես են ասում աշխարհատես[3] ծերերը, ու պատվեր է տալիս Ալամ թագավորը, հրավիրում, հավաքում իր տերության ամեն կողմերից անվանի[4] գիտուններին։
Ասում է.
— Ո՜վ գիտուններ, դուք, որ քննել եք ու իմացել կյանքի տակն ու գլուխը, հայտնին ու գաղտնին, սկիզբն ու վերջը, ասացեք տեսնեմ՝ ի՞նչ հրաշք է սա, որ ծերության անկար օրով տեսնում եմ ես։ Բերե՜ք, արե՜ք ինչ դեղ ու ճար ունեք[5] ձեր ձեռին, ետ տվեք ինձ բարով ու բույրով լիքը[6] իմ եդեմական այգին, վերադարձրեք իմ մարդկանցը իրենց կորցրած ազնիվ տիպն ու հոգին[7]։
Գիտունները գլուխ են վեր բերում ու ասում են.
— Ապրած կենաս, Ալամ թագավոր։ էս աշխարհքում ամեն մի բան ունի իրեն պատճառը։ էն պատճառն էլ ունի իրեն պատճառը։ էսպես անվերջ՝ մինչև գնաք, հասնեք պատճառների պատճառին ու սկիզբների սկիզբը[8]։ Եվ քանի որ ամեն մի բան ունի իրեն մի պատճառ[9], իսկ էն, ինչ որ պատճառ ունի, ունի նաև իրեն ճար, մի՛ տրտմիր դու, մեծ թագավոր,