և վերջալուսի կարմիր շողերի մեջ թրթռալով սկսեցին պտտվել գլխի շուրջը։ Ունկնդիր ժողովուրդն էլ չդիմացավ, հարբեց, ուշաթափվեց։ Շնորհքն էլ ուշքից գնաց և երբ որ աչքը բաց արավ, էլ ոչ երգիչը կար, ոչ երգը։ Մութն էր։ Երգը վերջացնելուց հետո նա հանկարծ մռայլեց, մթնեց։ Սկսեց ցած իջնել արտասվելով ու հառաչելով, մազերը փետելով ու կուրծքը կոծելով։
Երբ որ ներքև եկավ, հանդարտվեց, մտավ փողոցը և ուզում էր գնալ տուն, Շնորհքը առաջը կտրեց.
— Այ Աստծո պաշտոնյա,— ասաց նա,— ես օտարական մարդ եմ, ծանոթ չունեմ այս քաղաքում, կարելի՞ է ինձ հյուր ընդունեք մի գիշեր։
— Հյուր ենք բոլորս աշխարհքում, իմ տունն էլ ձերն է, համեցեք գնանք։
Երեկոյան, երբ որ նստեցին հաց ուտելու, երգիչը խոսք բաց արավ, թե որ աշխարհքներն էր անցել իր հյուրը և ինչ բաներ էր տեսել։
— Ես շատ աշխարհներ եմ ման եկել,— ասաց Շնորհքը,— շատ զարմանալի բաներ եմ տեսել իմ օրում, բայց ինչ այսօր տեսա աչքովս էս քաղաքում, այդպես զարմանք բան չեմ տեսել ես բազմափորձ իմ կյանքում։
— Ի՞նչ տեսար այսօր,— հարցրեց երգիչը։
— Իրիկնապահին, երբոր ես նոր եկած, մոլորված կանգնած էի Ցնորք մինարեի մոտ և միտք էի անում, թե որտեղ եմ գիշերելու, այդ ժամանակ դու եկար, աշխույժ ու զվարթ և ուրախ-ուրախ բարձրացար մինարեի գլուխը։ Երգդ նույնպես զվարթ էր և լիքը մի գերբնական ավյունով ու հույսով, բայց իջնելիս հանկարծ տրտմեցիր, սկսեցիր լալ, քեզ կոծել, ես այդ քո արարքից ապշած եմ մնացել.
|