Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գալիս են մուշտարիներ։ Մեկը մեծ գումար է տալիս, առնում։ Ուզում է հեռանա, վարպետը ետ է կանչում, թե բեր պակաս բան ունի։ Ձեռքիցն առնում է, զարկում, ջարդում, վեր ածում, փողը ետ տալիս, թե՝ գնա, էլ չեմ ծախում։

Շնորհքն սպասում է մինչև մութն ընկնում է, վարպետը իր խանութի դուռը փակում է, տուն գնում։ Ճանապարհին առաջը կտրում է, խնդրում, որ իրան հյուր ընդունի։ Վարպետը ուրախանում է։ Միասին գնում են տուն, տեսնում են ամեն բան մաքուր, կարգին, վեր քաշած, սրբած, ճրագները վառած, սեղանը պատրաստ, միայն ոչ ոք չկա։ Իրիկունը զրույց անելիս Շնորհքը հարցնում է, թե այսօր այս տեսակ բան տեսա, ի՞նչ էր դրա պատճառը։

— Իզուր մի հարցնիր, բարի հյուր,— խնդրեց վարպետը,— ուրիշ բան խոսիր, ես քեզ չեմ պատմիլ այն, որ ինձ ստիպում է իմ ամբողջ տարվա աշխատանքը մի զարկով, մի ակնթարթում ոչնչացնել։

— Խնդրում եմ, ինձ հայտնեցեք, և ես վերջ կտամ այդ տանջանքին։

— Չեմ ուզում, որ վերջ լինի իմ տանջանքին և ոչ գաղտնիքս հայտնել աշխարհքին։

— Թող այդպես լինի, պատմիր ու, ես աշխարհքից հոգնած մարդ եմ, իմ արյունը քեզ լինի, գլուխս կտրիր, գաղտնիքդ հայտնի չդառնա աշխարհքին։

— Հա՛, միայն այդ պայմանով կարելի է։ Թող քո վիզը լինի քո մեղքը։ Դե՛հ լսիր։

Ես ունեի մի կին, երկու երեխա։ Այնքան էի սիրում նրանց, որ լեզուն չի կարող պատմել։ Մի գիշեր անկողին մտնելիս կինս ինձ խնդրեց, թե՝ զգույշ եղիր, ձեռք չտաս իմ աջ ծծին։ Անհամբեր է մարդս, չկարողացա համբերել։ Առավոտը վեր կացանք, տեսանք մի երեխաս չքացել է։ Մյուս գիշերն էլ խնդրեց, թե զգույշ եղիր, ձեռք չտաս ձախ ծծիս։ էլ չգիտեմ ինչպես եղավ, քուն թե արթուն երազների մեջ ձեռքս դիպել էր ձախ ծծին։ Առավոտը վեր կացանք, տեսանք, մյուս երեխաս էլ է չքացել։ Երրորդ գիշերն ասաց.— Զգո եղիր, ինձ չմոտենաս, թե չէ նոր փորձանքի կգանք։ Ես խոստումս չպահեցի։ Առավոտը վեր կացա տեսա կինս էլ չկա։ Այս աշխարհքում