Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավազակապետի գլուխն էլ կտրեցի, խուրջինս գցեցի ու եկա մի կարճ ճանապարհով այնպես արագ, որ թագուհուց առաջ պալատը հասա։ Եկա, կրկին պառկեցի: Մի քիչ ժամանակ անցավ, տեսնեմ թագուհին էլ եկավ, պճեղների ծայրին ներս մտավ, զգույշ շորերը հանեց ու մտավ անկողին։

Առավոտը վեր կացանք։ Նա քնքշալով եկավ սկսեց ինձ փաղաքշել՝ ինչպե՞ս ես, հոգիս, ինչպե՞ս է առողջությունդ, ինչպե՞ս անցկացրիր գիշերը, գլուխդ էլ ցավո՞ւմ է, թե չէ։

— Էլ չի ցավում,— պատասխանեցի ու հեռացա հեռու տեղերից ինձ տեսության եկած հյուրերին ընդունելու։

Գիշերվա սովորական ժամին դարձյալ նա գնաց։ Մի քանի ժամանակից հետո տեսնեմ եկավ գունատ, այլայլված։ Մտավ անկողին, սկսեց թաքուն հեկեկալ։ Իսկ ես սուտ խռմփացնում էի:

— Լսի՛ր, բարեկամ, որ այլևս չես լսելու։

Առավոտը վեր կացանք, նա տխուր-տրտում քաշվեց մի սենյակ ու փակված լաց էր լինում։ Որ շատ լաց եղավ, ես ներս մտա։

— Սրա համա՞ր ես լաց լինում, իմ սիրելի թագուհի,– ասացի ու արաբի արյունոտ գլուխն առաջը ձգեցի։

— Դո՞ւ ես արել, անգութ հրեշ,— ճչաց, տեղից վեր թռավ կախարդական գավազանով ինձ զարկեց ու կանչեց.

Զարկում եմ քեզ, անգութ հրեշ,
Կերպից ընկնես, դառնաս դու էշ։


Եվ ես իսկույն դարձա մի էշ, բայց խելքով, մտքով։ Մի աղքատ մարդ կանչեց, տվավ նրան, թե տար այս էշը բանացրու, ո՛չ գարի տուր, ո՛չ խոտ, ո՛չ ազատ թող, ո՛չ մեջքը վեր առ, բարձիր, ծեծիր, գլխից մինչև ոտները պլոկիր։

— Այսպե՞ս է, Ալվարդ։

— Ղա՛,— կռավեց ագռավը։

Այս անխիղճ աղքատն ինձ տարավ այնքան տանջեց, այնպես անիրավ բանացրեց, որ ոտներիս ուժը հատավ, աչքերիս լույսը թռավ, ամբողջ մեջքս վերքերով լցվեց։ Ցավս զգում