Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա։ Իսկ ես ասացի.— Լռի՛ր, անզգամ, դու այդտեղ կանգնիր մինչև լուս, որ առավոտը ժողովուրդը տեսնի իրանց թագուհուն։ Թագուհին սկսեց խնդրել.— Ներիր․․․ Եվ այլն։ Ես նրան ներս թողի, հիշելով նախկին սերը։— Թագուհի,— ասացի,– ես որ բոլոր հողեղեններից ավելի քեզ եմ սիրել, և դու իմ սերը, քո թագավորիդ մեծությունը մոռացած սրա՞նց ես սիրում,— ասացի և ականջները թափեցի առաջը։ Թագուհին, որ տեսավ իր սիրելիների պռոշներն ու քիթը կտրած, դևի նման հարձակվեց կախարդական մտրակի վրա, ինձ զարկեց, թե՝ էշ դարձիր։ Դարձա էշ։

Իհարկե, այս բանը գաղտնիք էր ամենքին։ Թագուհին առավոտը կանչեց պալատականներին և բարկացավ, թե՝ այս ինչպե՞ս եք հսկում, որ էշը պալատն է մտել։ Տարեք, բանտի համար քար կրեցեք․․․ Եվ այլն։ Տարան և տանջում էին ինձ։ Բանթողի ժամանակ ես դիպող վայրկյան գտնելով փախս այդտեղից և մի ճամփա բռնած գնացի հասա մի գյուղի, մի տուն, ուր ապրում էր մի իմաստուն պառավ։ Ես գնացի այդ տան դուռը թխկացրի, մի երեխա դուրս եկավ ու լուր տարավ, թե՝ հայրիկ, մի էշ է դուռը թխկացնում գլխով։ Հայրը եկավ, ինձ ներս քաշեց, իսկ պառավը իր իմաստուն աչքերով ինձ էր նայում։ Ես հայացքներով ու զանազան շարժումներով ուզում էի նրան հասկացնեմ, որ ինձ օգնեն։ Պառավը ինձ մոտենալով, ծնկանը զարկեց ու կանչեց.— Վա՛յ մեզ, որդի՛, սա մեր թագավորն է (սրանք ունենում են մի անմահական ջրի բաղնիք)։ Շուտ տարեք այնտեղ և ջուր սրսկեցեք։ Տարան, ջուր սրսկեցին։ Ես մարդ դառա, փշերոտիկ բերին պառավի մոտ։ Պառավն ասաց.— Ո՛վ մեր և մեր աշխարհի տեր, դեռ քո կնոջ ձեռքից շատ փորձանքի կգաս։ Աշխատիր հասնել պալատը և մի կերպ ներս մտնել։ Ձեռքդ առ մահվան ղամշին և առանց խնայելու խփիր ու ասա.

Ով անհավատարիմ
Դու ջորի դառնաս,
Եվ այդ կերպի մեջ
Հավիտտյան մնաս։
Եվ այդ օրվանից
Մահվան մտրակի
Ուժը կկորչի։