Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԲԹ, ԲՊ, ինչպես նաև պոեմի 1904 թ. առանձին հրատարակության մեջ այն թվագրված է 1902։ Իրոք, հիմնական ստեղծագործական աշխատանքն ընթացել է 1902 թվականին, թեև, անտարակույս, պոեմի մտահղացումը պետք է ծագած լինի ավելի վաղ։ 1890-ական թթ.՝ ժողովրդական բանահյուսության նկատմամբ գնալով խորացող հետաքրքրության պայմաններում, Թումանյանը չէր կարող չանդրադառնալ հայ ժողովրդական վեպին, որը Գ. Սրվանձտյանի և Մ. Աբեղյանի հայտնի հրապարակումներից հետո գտնվում էր հայ գրական հասարակության ուշադրության կենտրոնում։ «Սասունցի Դավիթը» նախապատրաստված էր Թումանյանի անցած մեկուկես տասնամյակի գրական ճանապարհով, ժողովրդական բանահյուսության ստեղծագործական իմաստավորման նախընթաց փորձով։

Պահպանված փաստերի հիման վրա կարելի է ասել, որ Թումանյանի «Սասունցի Դավիթը», իր առաջին քիչ թե շատ ամբողջական տարբերակով, գրված է եղել արդեն 1902 թ. առաջին կեսին։ Այդ է վկայում Ավ. Իսահակյանի 1902 թ. հուլիսի 7-ի նամակը, ուր պոեմի ձեռագրի ընթերցման անմիջական տպավորության տակ նա գրում էր Թումանյանին. «Հրաշալի էր Սասունցի Դավիթը... Դավիթը լավ տիպ է, առողջ, թարմ, ժողովրդական, դրական,— արժե նրանով ոգևորվել» (ԳԹ, 1933, № 6)։ Երկու շաբաթ անց (1902 թ. հուլիսի 21-ին) Ավ. Իսահակյանը դարձյալ անդրադառնում է Թումանյանի պոեմին («Նորից կարդացի»,— գրում է նա, և այս խոսքերից կարելի է ենթադրել, որ Իսահակյանի մոտ եղել է պոեմի ինքնագրերից մեկը, որը մեզ չի հասել)։ Ու թեև Իսահակյանը գտնում է, որ պոեմը պետք էր գրել ոչ թե «մանուկների համար», այլ «ավելի լուրջ և ծանրախոհ», բայց միաժամանակ նշում է Թումանյանի երկի այնպիսի արժանիքներ, ինչպես «ժողովրդական ոճերն ու դարձվածքները», «էպիքական պատմելու ձևը— հանգիստ, վեհորեն հանգիստ, և հումորը» (Ավ. Իսահակյան. Երկերի ժողովածու, հ. 6, 1979, էջ 40)։

Աշխատանքը պոեմի վրա Թումանյանը շարունակել է 1902 թ. երկրորդ կեսին, մանավանդ Աբասթումանում անցկացրած ամիսներին (սեպտեմբեր–դեկտեմբեր): Հոկտեմբերի 11-ին բանաստեղծը Արիստակես Զարգարյանին գրում էր. «Սասունցի Դավիթը» անպատճառ հետս կբերեմ։ Բայց հիմա էլ սկսել եմ այդ չըհավանել. իզուր տեղը սկզբից մտածեցի երեխաների ու ժողովրդի ընթերցանությանը հարմարեցնեմ։ Ձևն էլ չի դյուր գալիս. վերջն ուրիշ տեսակ եմ անում» (ԵԺ V, 227)։

Անտարակույս, Աբասթումանից իր հետ բերածը պոեմի այն տարբերակն էր, որը շուտով տպագրվեց ՄՃ 1903 թ. 2—5 համարներում։ Սակայն սրանով պոեմի մշակման աշխատանքը չի ավարտվում, այն շարունակվում է (երբեմն մեծ ընդհատումներով) մինչև բանաստեղծի գրական ուղու վերջը։ Կարելի է առանձնացնել այդ աշխատանքի մի քանի փուլ և համապատասխանաբար՝ պոեմի մի քանի տարբերակ։ Ճիշտ է, «Սասունցի Դավիթը» պոեմի այդ խմբագրությունները այնպիսի արմատական տարբերություններ չունեն, ինչպիսիք տեսնում ենք «Անուշի», «Լոռեցի Սաքոյի» կամ