Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Պոետն ու Մուսայի» ստեղծագործական պատմության մեջ։ Այս դեպքում Թումանյանը ոչ թե հիմնավորապես փոփոխել է նախկինում գրածը, այլ բավարարվել է որոշ հատվածներ կրճատելով կամ նորերը գրելով, ոճական և կառուցվածքային ուղղումներով, որոնք զգալի թիվ են կազմում։ Պոեմի խմբագրությունների միջև չկան նաև ծավալային մեծ տարբերություններ, բոլոր փոփոխություններով հանդերձ, ստեղծագործության տարբերակներում տողերի թիվը տատանվում է 950—1000 սահմաններում։ Սակայն պոեմի խմբագրությունների տարբերությունը, այնուամենայնիվ, որակական է, և դա պահանջում է ամենայն ուշադրությամբ զննել կատարված ստեղծագործական աշխատանքի ընթացքը։

«Սասունցի Դավթի» առաջին տարբերակը 1903 թ. ՄՃ ամսագրի չորս համարներում հրապարակված խմբագրությունն է, որը կազմված է 22 գլխից և ունի 989 տող։ Այս հրապարակման բոլոր մասերը (բացի առաջինից) ունեն «դյուցազնական վեպ» ենթավերնագիրը, որը հետագա բոլոր տպագրությունների մեջ բացակայում է։ Ամսագրում պոեմն ավարտվում է «վերջ Ա. մասի» նշումով. սա նշանակում է, որ այդ ժամանակ բանաստեղծը մտադիր էր շուտով ձեռնամուխ լինել պոեմի երկրորդ մասի ստեղծմանը։

Սակայն 1903 թ. մայիսին ավարտված ամսագրային հրապարակումից անմիջապես հետո պոեմի այդ առաջին խմբագրությունը բանաստեղծին չբավարարեց, և նա որոշեց էական փոփոխություններ մտցնել նրա մեջ։ Պահպանվել են ՄՃ 1903 թ. 2, 3 և 5 համարները (4-րդը բացակայում է), որոնց վրա բանաստեղծը բազմաթիվ ուղղումներ և կրճատումներ է մտցրել պոեմի մեջ (Թֆ, № 1356)։

ՄՃ բնագրի տարբերությունները վերջնական խմբագրությունից, ինչպես նաև հետագայում նրա մեջ մտցված կրճատումների պատկերը, ներկայացվում են տարբերակների բաժնում։ Առանձին ցույց են տրվում նաև տարբեր տողերի մեջ կատարված ձեռագիր փոփոխությունները համապատասխան թվահամարների տակ բերելով, նախ, տվյալ տողի կամ հատվածի նախնական ձևը (ըստ ՄՃ) և ապա, թեք գծից հետո, նրա նոր խմբագրությունը։

Պոեմի ամսագրային հրապարակման շրջանին է վերաբերում նաև նրա պահպանված միակ համեմատաբար ծավալուն ինքնագիրը՝ «Սասունցի Դավիթը, I», առանձին տիտղոսաթերթով (Թֆ, № 8ա)։ Շուրջ 450 տող պարունակող այդ ինքնագիրը (համընկնում է պոեմի առաջին կեսին) կամ անմիջապես նախորդել է ՄՃ հրապարակմանը և կամ ուղղակի հաջորդել նրան, քանի որ նրա մեջ կան նաև այնպիսի փոփոխակներ, որոնք օգտագործվել են հետագա հրատարակությունների մեջ։ Տարբերակների բաժնի վերջում տրվում Է այդ ինքնագրի լրիվ նկարագրությունը՝ բոլոր սևագիր այլընթերցումներով, ջնջումներով և ուղղումներով։

1903 թ. տպագրված ԲԹ ժողովածուի մեջ (գրաքննչական թույլատվությունը՝ 1903 թ. հոկտեմբերի 15-ին) «Սասունցի Դավիթը» մտավ զգալիորեն