Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոփոխված տեսքով, որը և պետք է համարել պոեմի տպագիր երկրորդ տարբերակը: Ինչո՞վ է տարբերվում այս խմբագրությունը նախորդից։ Նախ, մտցված են մի շարք կրճատումներ։ Այսպես, լրիվ հանվել է պոեմի երկրորդ գլուխը, ուր պատմվում էր մանուկ հասակում Մեծ Մհերի կատարած առաջին սխրանքի՝ Սասունը սովի մատնած դևին սպանելու մասին (Դավթի ճյուղը ներկայացնող պոեմի մեջ դա, հավանաբար, համարվել է անհարկի շեղում)։ Կրճատվել է նաև վեցերորդ գլուխը (բացառությամբ առաջին քառատողի) Դավթի մանկական չարությունների, իր խաղընկերներին պատուհասելու մասին, քանի որ դա կարող էր դաժանության գծեր մտցնել ժողովրդական հերոսի նկարագրի մեջ։ Թումանյանը հրաժարվել է նաև Դավթին վերագրված երկու քնարական հատված-երգերից՝ որսորդության գնալիս (VIII գլխում) և Մելիքի հետ մենամարտելուց առաջ (XVIII գլխում), րստ երևույթին, մտածելով, որ նման զեղումները չեն ներդաշնակում էպիկական հերոսի բնույթին։ Այդ, ինչպես նաև մի շարք ուրիշ, ավելի փոքր կրճատումների և շատ տողերի մեջ մտցված ուղղումների նկարագրությունը տրվում է տարբերակների բաժնում։

Միաժամանակ պոեմի ԲԹ հրատարակության մեջ կատարվել են որոշ հավելումներ։ Ամենից կարևորներն են V գլխում մանուկ Դավթի նկատմամբ Ձենով Օհանի կնոջ չար վերաբերմունքի նկարագրությունը, XIX գլխի սկզբի չորս տները Քեռի Թորոսի մասին, վերջապես՝ պոեմի եզրափակիչ քառատողը՝ «Էն ժամանակ, աստված գիտի…»։ Էական փոփոխություն է նաև հետևյալը. ՄՃ հրապարակման մեջ Դավիթը հանդես է գալիս իբրև նախրապան (գլ. VII), այնինչ ԲԹ տարբերակում նա Օհանի առաջարկով զբաղվում է գառնարածությամբ (գլ. VI)։ Ե՛վ մեկ, և՛ մյուս տարբերակներում դրան հաջորդում են դրվագներ Դավթի որսորդության և Մարութա սարի վանքը վերականգնելու վերաբերյալ (վերջինիս մասին պատմող նախկին X գլուխը բաժանվել է երկու գլխի):

Մտցված փոփոխությունների շնորհիվ պոեմը դարձավ ավելի կառուցիկ և նպատակասլաց: Այն բաղկացած է դարձյալ 22 գլխից, իսկ տողերի ընդհանուր թիվը պակասել է ընդամենը երեք տասնյակով։

Պոեմի այս երկրորդ տարբերակը հետագայում տպագրվել է մի քանի անգամ ևս՝ ԲԲ, ՀԳ (1909), ՀԳ (1914) և ԳԳ: Ճիշտ է, այս հրատարակությունները բացարձակորեն նույնական չեն, նրանցից ամեն մեկի մեջ մտցվել են նոր (թեպետև ոչ մեծ) ուղղումներ ու հավելումներ։ Այդ պատճառով էլ դրանք, ինչպես ԲԹ համեմատությամբ, այնպես էլ իրար նկատմամբ ունեն մի շարք տարբերություններ՝ մեծ մասամբ առանձին տողերի խմբագրության մեջ։ Բայց կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ իրար ավելի մոտ են, մի կողմից, պոեմի ԲԹ, ԲԲ և ՀԳ (1909) հրապարակումները, իսկ մյուս կողմից՝ ՀԳ (1914) և ԳԳ։ Ելնելով այդ հանգամանքից և վերջնական խմբագրությունից, հիշյալ հինգ տպագրությունների տարբերությունները ավելի ակնառու ցույց տալու համար նրանց նկարագրությունը տրվում է նշված երկու խմբերով՝ միաժամանակ ներկայացնելով հրատարակություններից ամեն մեկի տարբերիչ գծերը։