Սակայն, ԲԹ-ում տպագրված և ոչ մեծ փոփոխություններով մի քանի անգամ վերահրատարակված այս տարբերակին զուգահեռ, գրեթե միաժամանակ ստեղծվեց նաև պոեմի հաջորդ՝ երրորդ տարբերակը։ Դա Ստ. Լիսիցյանի հրատարակած «Հայ բանաստեղծներ» մատենաշարի առաջին գրքույկն է՝ «Սասունցի Դավթի» 1904 թ. առանձին հրատարակությունը (գրաքննչական թույլատվությունը՝ 1904 թ. մարտի 4-ին)։ Ուրեմն, ԲԹ հրատարակությունից անմիջապես հետո բանաստեղծը նորից զբաղվել է իր այս պոեմի վերամշակմամբ՝ առանձին գրքով տպագրելու համար։ Այսպիսով, 1902—1904 թթ. «Սասունցի Դավիթը» անընդմեջ գտնվել է Թումանյանի ստեղծագործական ուշադրության կենտրոնում։
1904 թ. առանձին հրատարակությունը շատ կողմերով մերձենում է պոեմի այն տարբերակին, որը մոտ երկու տասնամյակ անց մտավ ԲՊ ժողովածուի մեջ և դարձավ բանաստեղծի «վերջին կամքի» արտահայտությունը։ Առանձին տողերի մեջ մտցված խմբագրական փոփոխություններից զատ, այս հրատարակության բերած ամենամեծ նորությունը երկու նոր գլուխների (VII—VIII) հավելումն է, որով գլուխների թիվը հասավ 24-ի։ Նոր գլուխների մեջ Դավիթը հանդես է գալիս իբրև նախրապան: Եթե ՄՃ տարբերակում նկարագրվում էր Դավթի նախրապանությունը (գլ. VII), իսկ ԲԹ՝ խմբագրության մեջ նա պատկերվում էր գառնարածի դերում (գլ. VI), ապա առանձին հրատարակության մեջ այդ երկուսը միավորվում են. նա այստեղ նախ Ձենով Օհանի կողմից կարգվում է քաղաքի գառնարած (գլ. VI) և ապա՝ նախրապան (գլ. VII—VIII)։ Համանման վիճակների կրկնությամբ բանաստեղծն աստիճանաբար ուժեղացնում է Դավթի՝ անգիտությունից բխող ծիծաղաշարժ արարքների, քաղաքացիների սարսափի ու զայրույթի դինամիկ պատկերը։ Ընդսմին այս տարբերակի VIII գլխում հերոսի նախրապանության նկարագիրը զգալի չափով քաղված է ՄՃ տարբերակից՝ սեղմելով և ավելի նպատակասլաց դարձնելով համապատասխան հատվածը։
Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Թումանյանը երկար ժամանակ տատանվել է պոեմի երկրորդ և երրորդ տարբերակների միջև։ ԲԲ, ՀԳ և ԳԳ հրատարակությունների մեջ, ինչպես ասվեց, նա նախապատվությունը տվել է երկրորդ տարբերակին՝ նրա մեջ մտցնելով միայն առանձին ուղղումներ։ Երրորդ տարբերակին առաջնություն տալուց Թումանյանը երկար ժամանակ զգուշացել է, ըստ երևույթին, կասկածելով, թե արժե՞ արդյոք երկու անգամ նկարագրել իրար բավական նման վիճակներ, կրկնել որոշ տողեր ու հատվածներ։ Միայն իր վերջին ժողովածուի համար «Սասունցի Դավթի» բնագիրն ընտրելիս նա հաղթահարել է այդ կասկածը՝ փաստորեն վերադառնալով պոեմի 1904 թ. հրատարակության կառուցվածքին։ Գառնարածության և ապա նախրապանության հաջորդական նկարագրությունը, որոշ տեղերի կրկնությունը բխում են ժողովրդի էպիկական ստեղծագործության սկզբունքներից։
Սակայն մինչև այդ եղել է պոեմի մշակման մի միջանկյալ (ճիշտ է,