Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անավարտ և անտիպ մնացած) օղակ ևս, որր կարելի է համարել Թումանյանի «Սասունցի Դավթի» չորրորդ տարբերակը։ Խոսքը վերաբերում է 1904 թ. առանձին հրատարակության մի օրինակի վրա կատարված ուղղումներին և լրացումներին (ԹՖ, № 1356 ա), որոնց մի մասը հետագայում մտավ պոեմի վերջնական խմբագրության մեջ։ Գրքի լուսանցքներում և առանձին թերթիկների վրա գրված այդ լրացումները, ամենայն հավանականությամբ, կատարվել են 1910-ական թթ. սկզբին, երբ Թումանյանը նորից ձեռնարկեց հայկական էպոսի ուսումնասիրության և գեղարվեստական մշակման գործին։ Ժամանակը հաստատվում է նաև նրանով, որ լուսանցքներում երկու անգամ հիշատակվում է «Ջոջանց տուն կամ Սասմա ծռեր վեպի երեք փոփոխակ» գիրքը (Ստ. Կանայանի խմբագրությամբ), որը լույս է տեսել 1910 թ.։

Հիմք ընդունելով 1904 թ. հրատարակությունը, Թումանյանն այժմ ձգտել է մտցնել մի շարք ճշտումներ ու լրացումներ։ Ընդսմին նա հենվում էր անցած մոտ տաս տարիների ընթացքամ հրապարակված էպոսի նոր պահումների և գիտական հետազոտությունների վրա։ Գրքի լուսանցքներում մի քանի անգամ նշվում են նաև Մ. Աբեղյանի, Դ. Հովսեփյանի, Բ. Խալաթյանցի աշխատությունները։

Աշխատանքի այս փուլում Թումանյանը մտադիր է եղել, նախ, վերականգնել Դավթի հրաժեշտի երգը կռիվ մեկնելուց առաջ։ Սակայն եթե ՄՃ բնագրում այդ երգն ընդամենը 12 տող էր, ապա այստեղ այն կրկնակի մեծացել է (24 տող), թեև մնացել է ոչ լիովին մշակված ու հղկված վիճակում։ Այդ հատվածը, ըստ Թումանյանի նշումի, պետք է տեղադրվեր պոեմի XX գլխի սկզբում, իսկ Քեռի Թորոսին վերաբերող երկու քառատողերը պետք է մտնեին վերջին՝ XXIV գլխի մեջ: Սակայն, ինչպես երևում է պոեմի ստեղծագործական պատմության հետագա ընթացքից, և՛ մեկ, և՛ մյուս հավելումներից բանաստեղծն ի վերջո հրաժարվել է։

Բարեբախտաբար, Թումանյանը հասցրեց միանգամայն որոշակիորեն արտահայտել իր վերջնական վճիռը «Սասունցի Դավթի» բնագրի վերաբերյալ։ Կյանքի վերջում ծրագրված բանաստեղծական նոր ժողովածուի համար նա ճշտումներ մտցրեց իր մի շարք երկերի մեջ։ Երբ 1921 թ. վերջին Թումանյանը գտնվում էր Կ. Պոլսում, իր պատրաստած ժողովածուն հանձնում է տեղի հրատարակիչ Քեշիշյան-որդուն։ Վերջինս հատուկ ծանոթագրության մեջ նշում էր, որ հեղինակը որոշ երկերի վրա «կատարած է սրբագրություններ, կրճատումներ և փոփոխություններ» (ԲՊ, էջ 346)։ Մասնավորապես «Սասունցի Դավիթը» պոեմի մեջ ուղղված են մի շարք տողեր, գրված են երկու նոր համանման հատվածներ (սույն հրատ. 587—594, 603—609 տողերը), նկատելիորեն փոփոխված են 841—844 տողերը և այլն։ Սա արդեն պոեմի վերջին՝ հինգերորդ տարբերակն էր, որն իր կաոուցվածքով հիմնականում համընկնում է 1904 թ. առանձին հրատարակության հետ, բայց ունի նաև նրանից շեղվող մի քանի տողեր ու հատվածներ։ Պոեմի վերջնական տարբերակը ևս կազմված է 24 գլխից և ունի 984 տող։