Սակայն բանաստեղծի՝ շատ որոշակիորեն արտահայտված կամքն այս դեպքում երկար ժամանակ հաշվի չի առնվել, և պոեմը տպագրվել է ոչ ըստ այդ վերջնական խմբագրության։ Պատճառն այն է, որ թումանյանգիտության մեջ տարածված է եղել կանխակալ-թերահավատ վերաբերմունք դեպի բանաստեղծի կենդանության օրոք նրա երկերի վերջին հրատարակությունը՝ Կ. Պոլսի ժողովածուն, այն համարվել է ոչ արժանահավատ և ոչ վստահելի։ Սակայն եթե այդ կարծիքն զգալի չափով իրավացի է ուղղագրության և կետադրության հարցերում (քանի որ ժողովածուն տպագրվել է առանց հեղինակի անմիջական վերահսկողության), ապա ճիշտ չէր լինի այն տարածել երկերի բուն բնագրերի վրա, որոնք, ինչպես ասվեց, ընտրվել ու ճշտվել են բանաստեղծի կողմից։ Այդ սխալ մտայնության թելադրանքով, իբրև պոեմի հիմնական բնագիր, առաջ է քաշվել 1904 թ. առանձին հրատարակությունը՝ 10-ական թթ. կատարված ձեռագիր ուղղումներով և լրացումներով։ Սկսած 1926 թ. Թումանյանի Երկերի ժողովածուի «ժողովրդական հրատարակությունից», այդ լրացումների մի մասը ներմուծվեց պոեմի մեջ, իսկ 1938 թվականից կանոնիկ բնագրում տեղ գտան չորրորդ տարբերակի բոլոր ձեռագիր հավելումները, որոնք երբեմն ակնհայտորեն անավարտ և անկատար բնույթ ունեն։ Այդ տեսքով է տպագրվել պոեմը նաև Թումանյանի Երկերի առաջին գիտական հրատարակության երկրորդ հատորում (1940) և հետագա շատ ուրիշ տպագրությունների մեջ։
Գիտականորեն չհիմնավորված այդ մոտեցումը հաղթահարվեց միայն 60-ական թթ. վերջին՝ Թումանյանի երկերի քառահատոր ժողովածուի առաջին հատորում (1969), ուր իբրև պոեմի հիմնական բնագիր ընդունվեց ԲՊ խմբագրությունը։ Ներկա հրատարակության մեջ ևս «Սասունցի Դավիթը» տպագրվում է ըստ այդ տարբերակի, որն, անշուշտ, ամենից կատարյալն է պոեմի բոլոր խմբագրությունների շարքում։ Նախորդ հրատարակությունների, ինչպես նաև պահպանված ինքնագրերի կառուցվածքային և լեզվական փոփոխակներն ու այլընթերցումները նկարագրվում են տարբերակների բաժնում՝ առանձին-առանձին կամ որոշ խմբավորումներով։ Նույն բաժնում հրապարակվում են նաև պոեմի հետ կապված բոլոր հեղինակային գրառումները և ծրագրային նշումները[1]։
Եվ, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ նույնիսկ իր այս ամենակատարյալ տարբերակով պոեմը չէր բավարարում ժողովրդական վիպերգության
- ↑ «Սասունցի Դավիթը» պոեմի ստեղծագործական պատմության և բնագրի հարցերի քննությունը տե՛ս Աս. Ասատրյան. «Սասունցի Դավիթ» էպոսի մշակումները հայ գեղարվեստական գրականության մեջ («Սասունցի Դավիթ», հոբելյանական ժողովածու, Երևանի պետական համալսարանի հրատ., 1939, էջ 89—171), Էդ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, 2-րդ վերամշ. հրատ., 1986, էջ 295—343, Նույնի՝ Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ, 1988, էջ 495—500, Մ. Ջանփոլադյան. Թումանյանը և ժողովրդական էպոսը, 1969, էջ 13—77։