Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Թմկաբերդի առումը»

Թմկաբերդի քրդերը պատմեցին ինձ, թե մի ժամանակ Թմկաբերդում իշխում էր մի հայ իշխան։ Պարսից թագավորն եկել, երկար պաշարել է այս բերդը, սակայն չի կարողացել առնել։ Իշխանի կինը սիրահարվել է պարսից շահի վրա և ծածուկ առել է նորա հաճությունը յուր հետ ամուսնանալու՝ եթե ինքը սպանե յուր ամուսնուն և բերդը հանձնե շահին: Եվ իբր նա սպանել է ամուսնուն, հարբեցրել է զորքին և բերդի բանալիները ուղարկել շահին։ Շահն այսպիսով տիրել է բերդին և հարցրել է մատնիչ իշխանուհուն. «Ես եմ գեղեցի՞կ, թե ամուսինդ»։ Եվ երբ սա պատասխանել է թե ամուսինս գեղեցիկ էր՝ շահը հրամայել է կապել սորան ձիու ագիից և քաշ տալ մինչև մեռնելը, ասելով. «Եթե ամուսինդ շահից գեղեցիկ էր՝ ինչո՞ւ սպանեցիր»։

(«Ջավախքի բուրմունք», ժողովրդական նյութեր, գիրք Բ, հավաքեց Ե. Լալայան, Թիֆլիս, 1892, էջ 57):

Բացի այս հիմնական աղբյուրից, Թումանյանը հետաքրքրվել է նաև ուրիշ համանման զրույցներով՝ կապված կնոջ մատնությամբ ամրոց գրավելու մոտիվների հետ։ Այսպես, գերմանացի աշխարհագրագետ Կարլ Ռիտտերի «Երկրագիտության» ռուսերեն հրատարակության մեջ նրա ուշադրությունը գրավել է գրքի թարգմանիչ Վ. Գրիգորևի լրացումներից մեկը, որը կապված է աֆղանական Գուլգուլե (Բամիյան) քաղաքի մոտ գտնվող Սեյիդաբադ ամրոցին։ Ահա այդ հատվածը. «Ավանդությունն այդ ամրոցը կոչում է Կալեի դուխտեր—«Աղջկաբերդ», այն պատճառով, որ այնտեղ իբր թե ապրել է թագավորի աղջիկը, որը սիրահարվել է Գուլգուլեում իր հորը պաշարած թշնամու առաջնորդին, հայտնել է նրան, թե տեղի կայազորն ինչպես է մատակարարվում ջրով, և այդպիսով պատճառ դարձել Գուլգուլեի անկման» (Землеведение К. Риттера. Кабулистан и Кафиристан, СПб. 1867, с. 1000)։ Թումանյանի թղթերում պահպանվող մի գրառման մեջ (ԳԱԹ, Թֆ, № 9) նա մի քանի բառով շարադրել է այս ավանդության բովանդակությունը և այն իրավացիորեն համարել «Թմկաբերդի առումի» սյուժետային կորիզի մի այլ «վարիանտը» (տե՛ս պոեմի տարբերակների և գրառումների բաժինը)։ Պոեմի բարոյահոգեբանական թեմայի հետ առնչվում է նաև բանաստեղծի հետևյալ գրառումը. «Երբոր մարդը հաղթվել է— միշտ կինը խորհրդակից է եղել թշնամուն» (ԹԹ, նոր նյութեր, թղթապանակ №23)։

Առհասարակ պետք է նկատի ունենալ, որ թեև Թումանյանն աշխատել է պատմական կոնկրետություն մտցնել պոեմի նյութի մեջ՝ այն կապելով XVIII դարի աոաջին կեսի պարսից բռնակալ թագավոր Նադիր շահի անվան հետ, սակայն նրա ընտրած ավանդությունը պատկանում է միջազգային բանահյուսության տարածված սյուժեների թվին։ Հայտնի են, օրինակ, նույն մոտիվի վրացական և հարավսլավական տարբերակները՝ իրենց լուծումով բավական նման «Թմկաբերդի առումի» մեջ մշակված սյուժեին (տե՛ս Էդ. Մ. Ջրբաշյան. Թումանյանի պոեմները, 2-րդ հրատ., 1986,