էշ 371—372)։ Նույն մոտիվի մի ուրիշ հնագույն տարբերակ, ճիշտ է, այլ հանգուցալուծումով, հանդիպում է Ֆիրդուսու «Շահնամեի» մեջ (տե՛ս Բ. Չուգասզյան. Թումանյանը հնչում է պարսկերեն, «Գարուն», 1970, № 10, էջ 62—63):
Պոեմը գրելուց առաջ Թումանյանը որոշել է անձամբ այցելել Թմկաբերդի ավերակները, ստանալ լրացուցիչ կենսական տպավորություններ։ 1901 թ. հուլիսի 30-ին իշխանուհի Մարիամ Թումանյանին հասցեագրած նամակում բանաստեղծն այդ մասին հաղորդել է. «Երևի դուք իմացաք, որ ճանապարհորդում եմ լեգենդներ հավաքելու և առհասարակ ծանոթանալու ժողովրդի հետ։ Ուզում եմ Թմկաբերդ գնալ—երևի հիշում եք Թմկաբերդի լեգենդան—այն կինը, որ ուզեց Շահի թագուհին դառնալ և այլն: Գիտեք, բանաստեղծի համար տպավորությունները հարստություն են—վա՜յ այն բանաստեղծին, որ աղքատ է տպավորություններով» (ԵԺ V, 189—190)։ Իրոք, 1901 թ. օգոստոսին բանաստեղծն ուղևորվել է պատմական Ջավախքի շրջան՝ ցանկանալով, առաջին հերթին, անձամբ տեսնել իրեն այդ ժամանակ ոգևորած երկու ստեղծագործական մտահղացումների («Թմկաբերդի առումը» և «Փարվանա») հետ կապված վայրերը՝ Թմուկ բերդի ավերակներն ու Փարվանա (Թափարավան) լիճը։ Այդ այցելության մասին իրենց հուշերում մանրամասնորեն պատմել են Ջալալ Տեր-Գրիգորյանը (Սալլյումյան), Վարդան Շահպարոնյանը, Ջավախեցին և ուրիշներ (տե՛ս ԹԺՀ, էջ 402—404, 417—421, 428—434): Մասնավորապես՝ Ջ. Տեր-Գրիգորյանը վկայում է, որ Թումանյանը բուռն պահանջ է զգացել իր գրելիք երկու գործերի «տեղագրության ու միջավայրի հետ ծանոթանալու» և կատակով ասել է. «Չէ՞ որ ես զորքերի ու ճակատամարտի մասին եմ գրում, պիտի անձամբ տեսնեմ՝ բերդի մոտ հարմարություն կա՞ զորք շարժելու...»։ Թմկաբերդի ավերակները տեսնելու համար Ախալքալաք ժամանելու հաջորդ օրը Թումանյանը տեղացիների հետ միասին ուղևորվում է Գյումուրդա գյուղը. «Կառքը կանգ առավ Գյումուրդայի քարափին: Կառքով իջնել կիրճը ու ավելի մոտենալ Թմկաբերդին չէր կարելի, ճանապարհ չկար. ուստի մեր բանաստեղծը, որպես իսկական զորահրամանատար, դիմեց հեռադիտակի օգնության. նա հեռադիտակը հարմարեցրեց ու, խողովակի ծայրը դնելով աչքին, սկսեց երկար նայել, հետախուզել պատմական Թմկաբերդի շրջակայքը: Ես էլ օգտվելով հանգամանքից լուսանկարեցի հեռադիտակով դիտող մեր բանաստեղծին» (ն. տ., էջ 402—403։ Հիշատակվող լուսանկարը պահվում է Թումանյանի թանգարանի նյութերում): Իսկ Վ. Շահպարոնյանը, նկարագրելով նույն այցելությունը, ավելացնում է. «Երկար դիտեցինք իր վայրենի գեղեցկությամբ հմայող այս տեսարանը: Թումանյանը ծոցատետրում մի քանի նշումներ արեց, հետո խոտերի մեջ պառկեց, ժպտաց ու ասաց. «Ա՜խ, թևե՜ր, թևե՜ր... Այստեղից ուղղակի կթռչեինք Թմկաբերդ» (ն. տ., էջ 417):
Թեև Ջ. Տեր-Գրիգորյանը գրում է, թե 1901 թ. այդ ուղևորության ժամանակ Թումանյանը «ոգևորված արտասանում էր երկար հատվածներ»