Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Որոշակի ընդհանրություններ կան այս տողերի և Ա. Գոլոշյանի նամակների միջև: Բերենք մի քանի քաղվածք.

Դեռ 1883 թ. դեկտեմբերին, առաջին անգամ հայրենի տնից հեռանալիս, պատանի հերոսը իր ծնողներին գրում էր. «Այն ընկերությունը, որին երդվեցի հլու ծառա և ստրուկ լինել՝ հրամայում է ինձ գնալ Պոլիս։ Ես հնազանդվում եմ, գնում եմ առանձին անցագրով և ծպտյալ։ Ուրեմն իզուր չհետևեք։ Մնաք բարյավ»։

1884 թ. Վանից գրած նամակից. «Ես մղվում էի մի անհաղթահարելի ուժով և չէի կարող այլապես վարվել»։

1888 թ. հուլիսի 21-ի նամակից. «Երկու զգացմունքի մեջ եմ եղել վերջին հինգ տարիներում. կամ ընտանիքը զոհել հայրենիքին և կամ հակառակն անել։ Ընտանիքի և ապա շրջանի կրթությունը ինձ անել է տալիս առաջինը։ Ես վճռեցի զոհել ամեն ինչ մեր հայրենիքի համար։ Ես որոշեցի լինել ապերախտ որդի, տանջանք տվող զավակ։ Հայի զավակի տխուր վիճակը սա է։ Ես անկարող եմ զգում ինձ անտես անել հայրենիքի շահերը և զորություն էլ չունեմ ձեզ անբախտացնելու: Իսկ իմ հայրենիքի ազատության գործին անձնատուր լինելով ես ձեզ մեծ դժբախտություն եմ հասցնում։ Եվ ես որոշեցի տալ ձեզ անբախտություն, որպեսզի շատ հայ ընտանիքների արտասուքը սրբել կարողանամ...»։

Նույն շրջանում գրած մի ուրիշ նամակից. «Կրկին համբուրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ, և մնաք բարով... Ցտեսության, իմ տուն հայրական, իմ ծնողներ և բարեկամներ»։

Զոհվաձ հերոսի գրպանում գտնվել է նրա վերջին գրությունը, ուր նա իր դավանանքը ձևակերպել է այսպես. «Տասնևիններորդ դարում ապրող մարդու համար ազատությունից զատ ուրիշ մթնոլորտ չկա, որի մեջ կարելի լինի շնչել... Ուրախությամբ կերթամ մեռնելու, իսկ դու, քաղցր Հայրենիք, սրբիր արցունքս և ինձ համար սուգ մի բռնիր» (Ա. Գոլոշյանի նամակների քաղվածքները բերվում են հետևյալ գրքից. Լեո, Հայ հերոսներ, էջ 45—46, 51, 59—61, 71, իսկ հերոսի վերջին գրության տողերը տպագրվել են նաև ժամանակի հայ մամուլում՝ տե՛ս, օրինակ, «Մշակ», 1889, № 70)։

Գոլոշյանի նամակների և պոեմի հիշյալ տողերի ընդհանուր տրամադրության, նույնիսկ առանձին արտահայտությունների համընկնումները շատ որոշակի են և, պետք է կարծել, պատահական չեն։ Թումանյանը, ամենայն հավանականությամբ, ծանոթ է եղել Ա. Գոլոշյանի նամակներին, որոնք նա կարող էր կարդալ զոհված հերոսի հարազատների մոտ։ Հայտնի է, որ այդ ընտանիքի հետ ապագա բանաստեղծը կապեր է ունեցել դեռևս 1884 թվականից, երբ մի որոշ ժամանակ Ներսիսյան դպրոցի սանը ապրում էր Գոլոշյանների հարևանությամբ։ Իսկ 90-ական թթ. նա մտերմացել էր հերոսի կրտսեր եղբոր՝ Գարեգինի և քրոջ՝ Դարյայի հետ, որին նույնիսկ բանաստեղծություն է նվիրել (մանրամասները տե՛ս Ա. Ինճիկյան, էջ 144, 200-203)։