վերնագրով։ Այդ ժողովածուի մեջ Մուրոմցի Իլիային վերաբերող ութ բիլինաներից Թումանյանի ուշադրությունն առաջին հերթին գրավել է այս պատումը։ Պատճառն այն էր, որ այդ բիլինայում վառ արտահայտություն են գտել ժողովրդի մարդու վիթխարի ուժի և տարերային սոցիալական ընդվզման մոտիվները։ «Կաբակի մերկ ու տկլորներին» իր շուրջը հավաքող հերոսի բուռն և հանդուգն արարքների, նրա նկատմամբ Վլադիմիր իշխանի անարդար վերաբերմունքի մեջ Թումանյանն իրավացիորեն տեսել է Կիևյան Ռուսիայի սոցիալական սուր հակասությունների արձագանքը և ձգտել է հասցնել այդ բոլորը հայ ընթերցողին։ Այս դեպքում ևս Թումանյան թարգմանիչն ընտրել է իր ստեղծագործական աշխարհին շատ հարազատ մի երկ։
ՍԵՐԲԱԿԱՆ ՎԻՊԵՐԳ
Սերբական ազգային հերոսական էպոսի չորս երգերի թարգմանությունը Թումանյանը կատարել է 1915—1916 թթ.: Այդ թարգմանությունները կապված էին ժամանակի քաղաքական իրադրության հետ։ Սերբիան, որի շուրջ ծագած քաղաքական կոնֆլիկտը սկիզբ դրեց առաջին համաշխարհային պատերազմին, իր ճակատագրով, պատմությամբ և մշակույթով այդ շրջանում համընդհանուր ուշադրություն գրավեց։ Թումանյանն իր թարգմանություններով պատասխանում էր այդ պահանջմունքին։ 1915 թ. սկզբին տպագրվեց նրա առաջին թարգմանությունը սերբական վիպերգից («Թե ինչ ուղարկեց թուրքի սուլթանը Մոսկովի ցարի ընծաների փոխարեն»), իսկ 1916 թ. ամռանը՝ ևս երկուսը («Մարկոն ռամազանին գինի է խմում», «Մարկոն վերացնում է պսակի հարկը»)։ Չորրորդ թարգմանությունը («Մարկոն վար է անում») տպագրվել է հետմահու։
Սերբական վիպերգերի թարգմանությունը պայմանավորված էր նաև նրանց պատմական բովանդակությամբ, որը հիմնականում կապված է թուրքական բռնապետության դեմ հարավային սլավոնների մղած դարավոր պայքարի հետ: Թումանյանի թարգմանած բոլոր չորս հատվածներն էլ այդ պայքարի գեղարվեստական արտացոլումն են, իսկ հայ բանաստեղծն իրավացիորեն շատ ընդհանրություններ էր տեսնում Սերբիայի և Հայաստանի ճակատագրի միջև։ Սերբական էպոսի գլխավոր հերոս Մարկոյի մասին Թումանյանը գրել է, որ նա «հանդիսանում է սերբ ժողովրդի ազգային նվիրական զգացմունքների ու առաքինությունների մարմնացումը, նրանց Սասունցի Դավիթը» (ԵԺ IV, 365):
Այս տողերն առնված են սերբական ազգային վիպերգությանը նվիրված հոդվածից («Մի երկու խոսք սերբ ժողովրդական էպոսի մասին»,