(ոհմակի) վրա թվանք չեն գցիլ․ թվանք գցես թե չէ՝ ավելի կատաղի վրա կտան։
Երեխեն թե՝ ապի, էն ի՞նչ են։
Ասի՝ վախիլ մի՛, քեզ մատաղ, ղոչաղ կաց։ Արի օգնի էս խաշամն (չոր տերևը) ու չոր ճյուղերը հավաքենք։ Չորս կողմից խաշամն ու չոր ճյուղերը ձեռաց կիտեցի ու կրակ տվի, բոցը ծուլ էլավ։ Մոտկորա ծմակը լիքը փետ։ Մինչև սրանց հասնելը վրա տվի, թեժ արի․ բոցն էլավ ծառերի ծերը։
Սրանք եկել են, ի՜նչքան են եկել. չորս կողմներս կտրել են, հեռու կանգնոտել ժնգժնգում են ու ատամները չխկչխկացնում։ Աչքները ծմակի մթան մեջ քուքուրթի (ծծումբի) բոցի նման ջուխտ-ջուխտ վառվում են։ Մարդ մտիկ անելիս զարզանդում է։
Երեխեն կպել է փեշիցս ու լաց է լինում։
— Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, ես էստեղ եմ․․․ լաց մի՛ ըլի, որ լաց ըլես— կգան մեզ կուտեն․․․
Երեխեն ձենը փորն է գցել ու փեշիցս կպած դողում է, ո՜նց է դողում․․․
Տեր աստված, ասում եմ, դու ազատես էս նեղ տեղիցը։ Ի՞նչ անեմ։ Հույսս դրել եմ կրակի վրա։ Էն էլ փետը հատնում է, երեխեն էլ փեշիցս պինդ բռնել է, թողնում չի մի քիչ հեռանամ, փետ բերեմ՝ կրակին վրա տամ։
Մոտիկ մի ցցչորի ծառ կար։ Կրակը բոթեցի սրա տակը, սրա կողքին էլ մի կտրած ծառի չոր բլուլ (կատար) կար, էն էլ քաշեցի վրեն, թեժացավ, ոնց թեժացավ, կարմիր լուսն ընկել է ամբողջ ձորը։
Դիմացի սարիցը չոբանները նկատում են, որ, ախպեր, էս ձորումը, էս ժամանակին, էս ի՞նչ կրակ պետք է լինի, որ քիչ է մնում ծմակը կրակի։
Մտածում են, մտածում ու ձեն են տալի։
Ականջ դնեմ, որ էս մեր Շամիրի ձենն է։
Ուրախանաք, ինչ որ մենք ուրախացանք։
Ձեն տվի․
— Շամիր, հե՜յ․․․ գիլի բոլուկ է․ չորս կողմս կտրել են․․․ երեխեն հետս է․․․ օգնեցեք, հե՜յ․․․
Հենց էս կանչելն էր։ Մի քանի չոբան իրար հետ ձեն տվին.
116