Շորագյալի ճամփին քեզ հետ ի՞նչ է պատահել,— խնդրեցի ես։
Ուստա Սարգիսը զուռնաչի էր։ Թինկը տված չիբուխ էր քաշում, վրա նստեց ու սկսեց պատմությունը․
— Շորագյալի ճամփին պատահած պատմությունն էսպես է, աղա ջան։
Մի հացապակաս տարի վեր կացանք ես, դամքաշ (զուռնի ձեն պահող) Ակոփն ու դհոլչի (թմբկահար) Դավիթը մեր զուռնադհոլը վեր կալանք, ասինք գնանք Շորագյալա գեղերը հարսանիքներ անենք, հացահատիկ հավաքենք բերենք ձմեռը կառավարվենք։
Դե գիտեք էլի, որ Շորագյալա հացը համ լավն է լինում, համ առատ, իսկ մեզանում, սարերում, սակավ է լինում, եղածն էլ շատ անգամ կարկուտը տանում է։
Գնացինք զուռնա ածելով, հարսանիք անելով գեղեգեղ ման եկանք։ Բավական ցորեն-գարի հավաքեցինք, մի ծանոթի պահ տվինք, մենք ետ ճամփա ընկանք դեպի մեր տները։
Գիտեմ ոչ, Շորագյալ եղել եք, թե չէ, Հոռոմ անունով մի գեղ կա․ էդ գեղիցը դուրս ենք եկել գալիս ենք դեպի Արթիկ։ Եկանք, ճամփին մութն ընկավ։ Ծնկահար ձյուն․ ցուրտն էլ հո թրի նման մարդի երես է կտրատում։ Ճամփեն էլ լավ չգիտենք։ Գնա, թե պետք է հասնես Արթիկ։
Էս մեր Դավիթն առաջին էր գնում։ Մին էլ, թե՝ տղերք, եկեք, որ գեղը գտել եմ։
— Այ տղա, ո՞ւր է։
— Թե՝ հրեն ճրագները երևում են։
Մտիկ տանք տեսնենք, ճշմարիտ որ, հեռվում շատ ճրագներ են երևում։ Միայն ես նկատում եմ, որ էս ճրագները ժաժ են գալի, դես-դեն են գնում։
Ասի՝ տղեք։
Թե՝ ինչ է։
Ասի՝ էս գեղ չի։ Մին, որ ձմեռը սրանց գեղերի տների դուռն ու կտուրը փակ, ճրագները չեն երևալ, մին էլ որ՝ էս ճրագները որ տեսնում եք՝ ման են գալի։
Թե՝ բա էս ի՞նչ են։
118