Հակառակի նման իմ դասն էլ շունն էր, ու լավ էլ անգիր էի արել։ Իսկույն մեջ մտա։ Ասի․— Ես գիտեմ։ Մենք շունը սովորել ենք։
— Չէ՛, էն քու սովորածը շունը չի,— մեղմ ու բարի ժպտալով նկատեց մեր բարեկամը։ Ես վիրավորվեցի։ Ո՞նց թե իմ սովորածը շունը չի․․․ Ինքն ասում է՝ լավ չգիտենք․․․ իսկ մեր ուսուցիչն էնտեղ․․․ իմ տետրակն էնտեղ․․․ ես էլ գրեթե անգիր գիտեմ․․․ և առանց լսելու ասում է՝ քու սովորածը շունը չի․․․
— Լա՛վ, լա՛վ, նեղանալ մի՛, դե ասա տեսնենք ո՞րն է քու սովորած շունը,— նույն մեղմ ժպիտով հարցրեց նա ու թևիցս բռնեց, իրեն մոտ քաշեց։
Ես սկսեցի.
«Շունը, չորքոտանի, կաթնասուն, մսակեր, ընտանի կենդանի է։ Նա ունի մի գլուխ, երկու աչք, մի քիթ, մի պոչ, երեսունչորս ատամ։ Նրա մորթին ծածկված է մազով։ Նա ծնում է սովորաբար 4—6 ձագ, բայց պատահում է, որ մինչև 12 էլ է ծնում։ Շան ձագերը ծնում են առաջին ատամներով, բայց կույր են լինում և միայն 10—12 օրից հետո են աչքները բաց անում։ Շունը ապրում է 15—20 տարի։ Նա մարդուն շատ օգուտ է տալիս․․․»։
Մեր ծանոթը շարունակ ժպտում էր։ Ես սկսեցի շփոթվել, մանավանդ, գիտեցածս էլ հատնում էր։
— Այո՛, այո՛, ճիշտ ես ասում, սիրելի՛ս,— վրա հասավ նա։— Դասդ լավ ես սովորել, բայց․․․ Էդ շունը չի։
— Ո՞նց թե էս շունը չի։ Հապա էլ ո՞րն է շունը․․․ Դուք հիմի մեր վարժապետիցը լավ գիտե՞ք․․․
— Սո՛ւս,— բարկացավ վրես հերս։
— Հա՛, սո՛ւս․․․ իրենք չգիտեն ու՝ սո՛ւս․․․
Եվ, հիշում եմ՝ էն օրը բավական անհամություն արի, մինչև որ վերջապես ինձ լռեցրին։ Այնինչ մեր ծանոթը շարունակ ժպտում էր։
Վաղուցվա խոսք եմ ասում․ մեր էն բարի, ուսումնական ծանոթն էլ վաղուց է մեռել։ Նրանից հետո ես մեծացա, զանազան գրքեր կարդացի, նոր-նոր բաներ իմացա, ու սովորեցի։ Ու ինչքան սովորեցի՝ էնքան էլ տեսա, որ ես շատ ու
134