շատ քիչ բան գիտեմ։ Շան մասին էլ կարդացի։ Համ կարդացի, համ լսեցի, համ կյանքում տեսա, և ահա էդ բոլորից հետո հիմի գրում եմ շան մասին։ Բայց համ գրում եմ, համ մտածում, թե ո՞վ գիտի, դեռ ի՜նչքան բան կա, որ ես չգիտեմ։
Այժմ առանձին սիրով եմ հիշում մեր հին ծանոթին ու տեսնում եմ՝ ճիշտ որ, էն, ինչ որ ինձ ու իմ ընկերներին սովորեցրել էին՝ իսկի շունը չէր։ Շունը շատ ավելի մեծ բան է եղել, քան թե ես էի կարծում էն ժամանակ, և դեռ ո՞վ գիտի, մեզանից հետո էլ գիտությունն ինչեր է բաց անելու։
Գիտությունը դեռ չի կարողացել որոշի, թե ո՞ր ժամանակից է շունը մարդուն ընկերացել, միայն կարծիք կա, որ ձեռնասուն կենդանիների մեջ շունը մարդու ամենահին ընկերն է։
Քրիստոնեությունից առաջ եղած հին կրոնները իրենց հոգևոր երգերի մեջ փառաբանում էին շան հավատարմությունն ու մարդուն արած ծառայությունները։
Ասորական ու բաբելական պալատների վրա քանդակած են ասորական ու բաբելական թագավորները իրենց որսի շների հետ։
Նրանից էլ դենը, Քրիստոսից հինգ հազար տարի առաջ՝ եգիպտական հին հիշատակարանների վրա զանազան տեսակի շների պատկերներ կան փորագրած։
Նրանից էլ դենը գնանք, նախապատմական ժամանակների քարե շրջանի մարդկային բնակարանների շուրջը գտնված մնացորդների մեջ շան ոսկորներ են գտնվում։
Նրանից էլ ավելի խորը գնանք, արդեն մարդը ինքը վայրենի է։ Ճշմարիտ է, էսօր էլ կան աշխարհքի զանազան մասերում վայրենի ցեղեր, բայց մի ժամանակ, շատ հազար տարի առաջ, մարդը վայրենի է եղել ամեն տեղ։
Նայած թե որտեղ է գտնվել վայրենի մարդը՝ բաց լեռներում, թե խոր անտառներում, գետափերին ու ծովափերին, թե լերկ, ընդարձակ տափաստաններում, ամեն տեղ էլ հարմարվել է իրեն շրջապատող պայմաններին։ Կերել Է ինչ որ