Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Չէ՛. արի կարճ քեզ մի ուրիշ բան ասեմ։

- Մի բան ես ուզում ասես, սիրտ չես անում, խնամի Անդրի,- նկատեց շիրակեցին,- ինձանից արխեին կաց, ինձ չես ճանաչում դու։

- Որ քեզ մի քանի թաղար ցորեն տամ, կարո՞ղ ես հասցնել Շորագյալ,- վերջապես հայտնեց Անդրին։

Այս խոսքերի հետ Գոքորի սովից նվաղած աչքերը փայլատակեցին։

Քանի՞ թաղար, գոչեց նա ուրախացած,- տասը՞․․․ քսա՞ն․․․ ե՞րբ կտաս․․․ Եգոր աղի՞․․․

- Սուս, գոռգոռալ մի․․․- զգուշացրեց Անդրին,- ամա գիտե՞ս ուրիշ մարդ չպետք է իմանա․․․ գիշերով պետք է անցկացնենք․․․ ա՛յ այս մոտիկ սարերով․․․- նա ձեռքը մեկնեց դիմացի սարերին։

Այդ րոպեին մի գոռոց բարձրացավ. «Ա՛յ տղերք, ո՞վ եք, հե՜յ»։

Մեր ծանոթները ցնցվեցին և ետ նայելով տեսան վերևից մի ուրիշ գյուղացի է գալիս. նա գոռգոռալով ուշունց էր տալիս, թռչկոտում, վազում էր դեպի ցած։

Այս տարօրինակ ուրախ տրամադրությունը զարմացրեց գյուղացիներին. «Ո՞վ պետք է լինի, այսպես ուրախ այս աղետի ժամանակ, երբ ժպիտը մեղք է համարվում, եթե միայն խելագար չի․․․»,- մտածում էին նրանք. կարծես նրանց կասկածն հաստատելու համար մոտեցողը բարձրացրեց յուր գլխարկը և հարբած քեֆ անողի նման սկսեց աղաղակել «հե՛յ-հե՜յ»։

Գոքորն ու Անդրին մերթ իրար երեսի նայելով, մերթ եկվորին, մնացել էին ապշած, թե այդ ինչ կնշանակեր։

- Ինչ կտաք, որ ասեմ,- մոտենալով աղաղակում էր նա,- ինչ եք տալիս, շան տղերք, որ ասեմ․․․

- Ադա, դու սովից խելքդ թռցրել ե՞ս, Համբո, էդ ի՞նչ ես անում,- ձայնը բարձրացրեց Անդրին՝ մոտեցողին ճանաչելով։

- Դու ես խելքդ կորցրել, ախմա՛խ,- գոռաց Համբոն ու մի ահագին քար շպրտեց նրանց վրա։ Գոքորն ու Անդրին մի կողմ փախան, և քարը թմփթմփալով մինչև գետը մեկ

13