Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնաց։ Կռոյի փոքրիկ «մանչը» վախից սկսեց ճչալով լաց լինել։ Յուր քարից շատ չուշացավ Համբոն. կանգնեց երկու գյուղացիների առջև և դարձավ շիրակեցուն․

- Էս ձորում ի՞նչ էս շինում, տո սոված կռո հարամզադա․․․ ա՛յ ես ձեզ էլ ղուրբան, ձեր հարսներին էլ․․․ անունդ ի՞նչ ա․․․ քանի՞ տարեկան ես․․․

Շորագյալցին գույնը թռցրած՝ Համբոյի կամ ոտներին էր նայում, կամ երեսին և ոչինչ չէր հասկանում նրանից։

- Սովն էլ չի էս շաշ ու գժերի հախիցը գալիս,- գլուխը պտտելով փնթփնթաց Անդրին և չիբուխը սկսեց լցնել։

- Ինչ սով, տո՛, ինչ ես դուրս տալիս գլխիցդ․․․ հրես ֆուրգոններով էնքան ցորեն ա գալիս Ջալալօղլի, որ էս ձորերն ածես, կլցնի․․․ գնա ձին բարձիր, տար. էնքան կեր, կիսիցդ տրաքվես․․․ ի՞նչ ես կռտոփում բայղուշի նման․․․ հլա փողն էլ պտեն տալ, էն էլ չամչի տուր, ջեբդ ածա։

- Ի՞նչ ես ասում, ադա, դրուստ բան ասա, բան իմանանք,- սրտատրոփ անհամբերությամբ հարցնում էին Գոքորն ու Անդրին,- ի՞նչ ցորեն, ի՞նչ փող, ի՞նչ ես ասում։

- Դե՛ իմացեք, էլի, թե մարդ եք, իմացեք, որտեղից կըլի։

- Հա՜, իմացա,- հանկարծ հիշեց Անդրին,- էդ էն կըլի․․․ էն ինչ էն տարին մեր գեղական ամբարների ցորենը ծախել տվին, փողը տարան, ասեցին՝ որ սով ընկնի, ետ կտանք․․․ ախար ես գիտեի, որ էդ կըլի։

- Տո՛, չէ՛, չէ՛,- ձեռքն Անդրու աչքը կոխեց Համբոն,- Թիֆլիս, Բաքի, Բաթում, Էրեվան, Պետրապոլ, Ստամբոլ․․․ ես ինչ գիտեմ, մի խոսքով, որտեղ անունը հայ կա էլի, իմացել են, որ մեր կողմերրը սով ա, հաց են հավաքել, փող են հավաքել, գիտեմ ոչ քանի հազար թուման ասեցին, համբարքն էլ մտիցս ընկավ, ղարկում են, որ սով ընկած տեղերը ռանչպարին բաժին անեն։

«Փառք քեզ, աստոծ, գյուղացու համար միտք անող, գեղացու դարդը քաշողն էլ կա․․․»,- զարմացած, իրան-իրան խոսում էր կռոն, մինչդեռ Անդրին հարցուփորձ էր անում Համբոյին։

- Ադա, թե էն դու կազեթինն ես ասում, էն ինչ մի երկու

14