թվում, թե մի որևէ երեք տարում ինչպես էին էդ ամենը էդքան փոխվել։
Էս մտածմունքի մեջ Ուրաշիման պատահեց մի անցորդ ծերունու։
— Ասա, խնդրում եմ, բարի ծերունի, ո՞ւր է փոխադրվել Ուրաշիմայի տունը, որ կանգնած էր էստեղ։
Ծերունին հիշեց ու պատմեց, թե մանուկ ժամանակ լսել է, որ հարյուրավոր տարիներ առաջ մի Ուրաշիմա է եղել, գնացել է ծովը ձուկ որսալու ու էլ ետ չի եկել։ Նրա ծնողները, եղբայրները, նրանց որդիքն ու թոռները վաղո՜ւց–վաղո՜ւց են մեռել, իսկ տունը ավերվել, անցել, հողի հետ գնացել։
Էստեղ գլխի ընկավ Ուրաշիման, որ ծովի աստծու ապարանքը մարջանի պատերով, հակինթի պտուղներով ու ոսկետուտն վիշապներով կախարդական աշխարհքն է եղել, որ էնտեղ անցկացրած մի օրը հավասար է եղել երկրի մի տարուն։
Ու հեռացավ իր հայրենիքից, քանի որ մեռել էին իր բոլոր հարազատները, և մինչև անգամ իրեն ծանոթ ծառերն էլ չկային։
Սաստիկ ցանկացավ վերադառնալ նորից ծովի հատակը, չնաշխարհիկ Սեն-Նինիի մոտ, բայց ի՞նչպես, ի՞նչ ճանապարհով։ Ոչ մի կերպով չկարողացավ գտնի, և չկար մեկը, որ առաջնորդեր նրան կրկին էնտեղ— կախարդական աշխարհքը։
Կանգնեց, միտք արավ Ուրաշիման։
— Եթե բաց անեմ էս տուփը, որ տվել է ինձ Սեն-Նինին, գուցե թե գտնեմ ճանապարհը, որ տանում է նրա մոտ։
Ու բաց արավ տուփը։ Եվ ի՞նչ դուրս եկավ միջից։ Մի կտոր թեթև ամպիկ, որ վերացավ, ծուխ դարձավ, գնաց դեպի օվկիանոս, կախարդական աշխարհքի կողմը։ Ուրաշիման նոր հիշեց կնոջ խոսքը, որ բաց չպիտի աներ տուփը, աղերսեց, որ կանգնի, վազեց ետևից, ցավից լաց եղավ, բոլորն իզուր, ամպիկը ցնդեց, ցրվեց, վերացավ, հեռացավ անդարձ, անհետ։
Ու էստեղ էլ տեղնուտեղը հատավ Ուրաշիմայի ուժը, էլ