Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԱԳԱՐԱԾ ԱՂՋԻԿԸ

Լինում է, չի լինում՝ մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռնափետը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է, սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում։ Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ–ուրախ բարևում է.

— Բարի օր, ախպեր ջան։ Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է։ Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ։ Ի՞նչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։

Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն։ Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում։ Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնո՞ւմ ես սրան, սրանից հեռու կաց հա՜, սա կախարդ է…»։

Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անց կենալիս։ Արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երգում են, զով հովը զլզլում, սլսլում է տերևներում։ Ու անցնում է երիտասարդը ուրախ, զվարթ։ Ճամփին ինս–ջինս, մարդ չի պատահում։ Մին էլ տեսնում է՝ մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում։ Գոգնոցը լիքը խոտն ու երկու զամբյուղն էլ կողքին դրած։

335