Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվերը։ Թագուհին բաց է անում արկղիկը, մեջը նայում, նայելն ու ուշաթափ գետնովը դիպչելը մին է լինում։ Պալատականներն իսկույն վրա են թափում, երիտասարդին բռնում են, որ բանտը տանեն, թագուհին աչքը բաց է անում, ուշքի է գալիս, հրամայում է ազատ թողնեն ու իրենք բոլորը դուրս գնան, որ ինքը ուզում է նրա հետ մենակ խոսի։

Մենակ են մնում թե չէ՝ թագուհին սկսում է լաց լինել ու լաց լինելով էսպես է խոսում երիտասարդի հետ.

— Ինչի՞ս համար են էս փառքն ու փայլը, երբ ամեն առավոտ վեր եմ կենում արտասուքով ու ամեն իրիկուն պառկում եմ արտասուքով։ Ես երեք աղջիկ ունեի։ Փոքր աղջիկս էնքան էր սիրուն, որ տեսնողն ասում էր՝ աղջիկ չի սա, հրաշք է։ Ձյունի ճերմակն ու խնձորի ծաղկի կարմիրն իրար էին խառնված նրա այտերին, իսկ մազերը փայլում էին արևի ճառագայթների նման։ Արտասվելիս աչքերից արտասուքի տեղակ ակն ու մարգարիտ էր թափում։ Տասնուհինգ տարին որ լրացավ, հերը երեք աղջկանն էլ կանչեց իրեն մոտ։ Տեսնելու բան էր, թե ինչպես ամենքն էլ հիացմունքից աչքները չռեցին, երբ ներս մտավ փոքր աղջիկս։ Հենց իմանաս՝ երկնքից արև դուրս եկավ։

— Զավակներս,— ասավ թագավորը,— չեմ իմանում, թե երբ կամ ինչ ժամանակ կհասնի իմ վերջին օրը, դրա համար էլ ուզում եմ հենց էսօրվանից որոշել, թե ինչ բաժին եք ստանալու ամեն մեկդ իմ մահից հետո։ Գիտեմ, որ ամենքդ էլ սիրում եք ինձ, բայց ձեզանից որը ավելի շատ է սիրում, նա էլ ամենից մեծ բաժինը կստանա։ Ասացեք տեսնեմ, ամեն մեկդ ինչքան եք սիրում ինձ, որ ձեր խոսքերով կարողանամ ձեր սերը չափել։

Մեծն ասավ.

— Ես քեզ սիրում եմ ամենաքաղցր շաքարի չափ։

Միջնեկն ասավ.

— Ես քեզ սիրում եմ իմ ամենալավ զգեստի չափ։

Փոքրը լուռ էր։

Թագավորը հարցրեց.

— Իսկ դու, իմ ամենասիրելի աղջիկս, դո՞ւ ինչքան ես սիրում ինձ։

340