Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հայրի՛կ, ես իմ ճերմակ աղավնուն եմ մտիկ տալիս, որ հրեն, հա՜, մեր տանիքին նստած, կարծես թե ինձ բարև է ղրկում։

— Հիմա՛ր,— կանչում է մերը,– էն իսկի էլ քո աղավնին չի, էն սիպտակ ծխնելույզն է արևի տակ սիպտակին տալիս։

Իսկ Հենզելն էդ ժամանակ հացի փշրանքները հենց գցում է ու գցում իրենց ճամփին։

Երեխաներին տանում են անտառը, էնպես մի խորը տեղ, որ իրենց օրում չէին եղած, էնտեղ էլ կրակ են անում, ու խորթ մերն ասում է.

— Երեխեք, դուք նստեցեք, ու, թե քուններդ կտանի, քնեցեք, իսկ մենք մի քիչ ավելի խորը գնանք, փետ հավաքենք, հետո իրիկունը, երբ որ գործներս կվերջացնենք, կգանք ձեզ էլ կառնենք ու կերթանք տուն։

Ճաշի ժամանակը որ հասնում է, Գրետելը իր հացի կտորը բաժանում է Հենզելի հետ, որովհետև Հենզելն իր հացը ճանապարհին փշրել էր։ Հետո ննջում են. իրիկունն էլ վրա է հասնում, բայց ոչ ոք չի գալիս խեղճ երեխաների ետևից։ Զարթնում են կեսգիշերին։ Հենզելը սկսում է սիրտ տալ իր քրոջը.

— Գրետել ջան, սպասիր մինչև լուսինը դուրս գա, էն ժամանակ կերևան հացի փշրանքները, որ ես ճամփին շաղ եմ տվել, նրանցով կգտնենք մեր ճամփեն ու կգնանք տուն։

Լուսինը դուրս է գալիս թե չէ՝ երեխեքը ճամփա են ընկնում ետ դեպի տուն, բայց ոչ մի փշրանք չեն գտնում, որովհետև դաշտերի ու անտառների հազարավոր թռչունները վեր էին քաղել։ Իսկ Հենզելը շարունակ Գրետելին ասում է.

— Ինչպես որ լինի, մենք կգտնենք ճանապարհը…

Բայց ճանապարհ գտնել չեն կարողանում։ Թափառում են գիշերը մինչև լուս, հետո ամբողջ օրր առավոտից մինչև իրիկուն, ոչ մի կերպ չեն կարողանում անտառից դուրս գան. հետն էլ սովում են, որովհետև ուտելու ոչ մի բան չեն ունենում, բացի մի քանի մորին, որ էստեղ-էնտեղ կարմրին էին տալիս խոտերում։ Վերջապես, երբ որ էնքան հոգնում են, որ երկուսի ոտներն էլ թմրում են, մի ծառի տակի պառկում են,

367